Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ռեզվան Ֆերդաուսը, ում կասկածում էին հեռակառավարմամբ աշխատող ինքնաթիռների օգնությամբ ահաբեկչության կազմակերպման մեջ, նոյեմբերի 1-ին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատարանում Ֆերդաուսը հայտարարել է, որ, գտնվելով կալանքի տակ, ինքը մտածելու շատ ժամանակ է ունեցել և «հաշտվել է իր ճակատագրի հետ»։
Ավելի վաղ, 2012 թ. հուլիսին նա դատախազության հետ համաձայնության էր եկել, որ մեղքը խոստովանելու դեպքում իր վրայից կհանվի հինգ մեղադրանքներից չորսը: Եթե բոլոր մեղադրանքները ներկայացվեին, Ֆերդաուսին սպառնում էր գրեթե 35 տարվա ազատազրկում: Նա մեղադրվել է պետական շինությունները քանդելու փորձի և ահաբեկչությանը աջակցելու մեջ:
Ըստ ՀԴԲ-ի տվյալների` Ֆերդաուսը պատրաստվել է դեպի Պենտագոնի և Կոնգրեսի շենքեր ուղղել ինքնաթիռների հեռակառավարմամբ աշխատող մոդելներ, որոնց վրա ամրացված են եղել պայթուցիկներ։ Բացի այդ հաղորդվում է, որ նա փորձել է հարձակումներ գործել նաև Վաշինգտոնի այլ շինությունների վրա` կիրառելով նռնակներ և ինքնաձիգներ:












































