Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Ռուսաստանի գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին:
Այս կապակցությամբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է. «Ես մեծապես հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի: Կարծում եմ, որ երկու երկրներն էլ դա են ցանկանում: Դա առաջին քայլն է (այդ ուղղությամբ): Պետք է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից հետո պետք է հարաբերություններին նոր որակ հաղորդել:
Մոտ ժամանակներս առաջնահերթ է առևտրային և մշակութային հարաբերությունների վերականգնումը, իսկ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը երկար և բարդ ուղի է:
Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանատների առկայությունը հնարավորություն չի տալիս վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Իրավիճակը բավական բարդ է, եղել է անիմաստ պատերազմ, սակայն շատ վրացիներ բնակվում և աշխատում են Ռուսաստանում:
Հուսով եմ, որ շուտով մենք կկարողանանք Ռուսաստան վերադարձնել մեր գյուղմթերքը, ցիտրուսները: Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Դավիթ Կիրվալիձեն և Զուրաբ Աբաշիձեն «վաղը-վաղ չէ մյուս օրը» կսկսեն աշխատել` ուղղված Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վերականգնմանը:
ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի քաղաքական ուղղվածությունը մնում է անփոփոխ: Սակայն դա չպետք է խանգարի Ռուսաստանի հետ շփումներին: Կրոնական ընդհանրությունը նույնպես կօգնի մեզ վերականգնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները»:
Իվանիշվիլին նաև քննադատել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ ռուսական իշխանությունների հանդեպ նրա հռետորիկայի համար:







































