Մոլդովայի ղեկավարությունը երկրի բոլոր ուժային կառույցներին հանձնարարել է դրսևորել առավելագույն զգուշավորություն Ուկրաինայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկրի նախագահ Նիկոլա Տիմոֆտին, խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանն ու վարչապետ Յուրի Լյանկեն հատուկ հանդիպում են անցկացրել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Երկրի ղեկավարությունը ուժայիններից պահանջել է պետական սահմանի մոլդովա-ուկրաինական հատվածում անցկացնել իրավիճակի մանրակրկիտ մոնիտորինգ, ամրապնդել այնտեղ անվտանգության մակարդակն ու առավելագույն զգուշավորություն դրսևորել՝ կապված հարևան երկրում զինված հակամարտության սրման հետ»,- հայտնել են Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունում:
Մոլդովայի իշխանությունները նաև ցավակցություն են հայտնել ուկրաինացի ժողովրդին՝ Կիևի իշխանությունների և դաշնայնացման կողմնակիցների միջև զինված ընդհարումների ընթացքում զոհվածների կապակցությամբ:











































