Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները դժվարացրել են այդ երկրի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացումը բանկային ոլորտում, այդ թվում նաև համատեղ բանկի ստեղծման հարցում։
Այդ մասին Trend գործակալությանն ասել է Իրանի Զարգացման ազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Հասեմ Հոսեյնին Ադրբեջան կատարած այցի ընթացքում և երկրի պաշտոնատար անձանց հետ անցկացրած հանդիպումներից հետո։ Իրանի Զարգացման ազգային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է արդեն երեք տարի, և ներկայումս նրա ակտիվները կազմում են մոտավորապես 60 մլրդ դոլար։
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ են մտցրել Իրանի նավթի արտահանման և երկրի բանկային համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով Իրանը այդ ոլորտում բախվում է համապատասխան խնդիրների։ ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման համար՝ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո։
Ներկայումս Ադրբեջանում գործում է Bank Melli Iran իրանյան բանկի մասնաճյուղը։ Ընդհանուր հաշվով՝ երկրում գործում է 44 բանկ։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Իրանի միջև 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 47,34 մլն դոլար, ինչը 23 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։












































