Վերջնական ներդրումային որոշում է կայացվել «Հարավային հոսք» գազատարի՝ Հունգարիայի հատվածի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է «Գազպրոմ»-ը, «այսօր ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի Հուգարիա կատարած այցելության շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում նրա և MVM ընկերության գործադիր տնօրեն Չաբ Բայիի միջև: South Stream Hungary Zrt համատեղ ընկերության վերաբերյալ բաժնետերերի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել:
Ստորագրված համաձայնագրի շրջանակներում «բաժնետերերը վերջնական դրական ներդրումային որոշում են կայացրել «Հարավայի հոսք» գազատարի հունգարական հատվածի կառուցման վերաբերյալ, որի երկարությունը կազմում է 229 կմ»: Բացի դրանից հունգարական կողմը այս ծրագրին ազգային նշանակություն է տվել:
«Մեր հունգարական գործընկերների հետ համատեղ «Հարավային հոսք»–ի կառուցումը եվրոպական էներգետիկ ապահովության կարևոր բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Այս համակարգը գազի անդադար մատակարարման հնարավորություն, ինչպես նաև Հունգարիային երկարաժամկետ և կայուն եկամուտ կապահովի»,- ասել է Ալեքսանդր Մեդվեդևը:
2008 թ. Ռուսաստանը և Հունգարիան միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել՝ «Հարավային հոսքի» գազատար համակարգի ծրագրին Հունգարիայի միացման մասին։











































