2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը`Ռուզաննա Հարությունյանը, կարծում է, որ երեք նախագահներն էլ պետք է պատասխանատվություն կրեն իր որդու մահվան, առհասարակ` Մարտի 1-ի համար: Նա որոշել է հանդիպել երեք նախագահներին` հարցնելու, թե հանուն ինչի՞ զոհվեց իր տղան: Տղայի մահվան համար պատասխանատու են երեք նախագահներն էլ, քանի որ, նրա խոսքերով, դա հենց այն ժամանակաշրջանն էր, որ երեքն էլ իրար կողքի կանգնած էին:
«Մի՞թե այդքան բարեգործական ընկերություններ, հիմնադրամներ չէին կարող աջակցել այս տասը ընտանիքներին, մի՞թե տասը գործարարի Սերժ Սարգսյանը չկարողացավ ասել, որ յուրաքանչյուրը մեկ զոհվածի ընտանիքի մինչև կյանքի վերջն ապահովի»,- ասում է տիկին Ռուզաննան:
Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, նույնպես պահանջում է երեք նախագահների հետ հանդիպում: 63 տարեկան կինն ապրում է Վանաձորում մեն-մենակ: Նպաստ էլ չեն տալիս, ասում են՝ թոշակը բարձր է, նպաստ չի հասնում, մինչդեռ աշխատանքային հիվանդության համար նրա ստացած թոշակը կազմում է ամսական ընդամենը 34 հազար դրամ: Տիկին Ջեմման ողնաշարային հիվանդություն ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է: Նույն ոտքը մեկ տարի առաջ վիրահատությունից հետո նորից է կոտրել. պատճառը ողնաշարն է, որը երբեմն թույլ չի տալիս հավասարակշռությունը պահել:
«Անտարբերության ենք մատնված, քար լռություն է, շատ նեղացած վիճակում ենք»,- ասաց տիկին Ջեմման՝ հավելելով, որ ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում «Մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն էլ չի հավատում, քանի որ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1-ը տեղի է ունեցել» խոստովանությունից հետո անգամ դատախազությունը «լայաղ չարեց» կանչել. «Եթե նախագահի մտքում չկա հարցով զբաղվել, հանձնաժողովի ձեռքին ոչ բանակ կա, ոչ օրենք, ոչ մի բան: Հանձնաժողովն էլ պետք է խոսի գնա»,- ասաց տիկին Ջեմման՝ ավելացնելով, որ իրենք պահանջում են երեք նախագահների հետ հանդիպում, քանի որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ առաջին նախագահն էր:
«Աշխարհով մեկ դրոշակ սարքեցին, խայտառակ եղան, այդքանից հետո հնարավո՞ր չէր հարցը լուծել: Չորս տարվա մեջ որևէ մեկին «լայաղ» չարին բռնեն, ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին՝ այս հարցին լուծում տա»,- հարց է տալիս տիկին Ջեմման:
Տիկին Ջեմմայի մյուս տղան 37 տարեկան է, արտագաղթել է Ռուաստանի Դաշնություն. «Այսօր ես պետք է թոռնիկներ ունենայի, մանկապարտեզ տանեի, գենոֆոնդը շարունակեին, երկու տղա եմ ունեցել, բայց այսօր ոչ մի երեխա իմ տանը չկա: Տասը տարի հետո իմ սերնդի ժողովուրդը արագ-արագ կմեռնի կկոտորվեն, Հայաստանը գերեզմանոց են սարքում իրենց ձեռքով… Ես այս տարիքում մենակ եմ մնացել»:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Մանուկյան-Քլոյանն էլ նշեց, որ սուտ կլինի ասել, թե իշխանությունների հետ որևէ հույս են կապում, տարիները գլորվել են, և իրենք խաբված են զգում իրենց: Սերժ Սարգսյանի՝ Մարտի 1-ի բացահայտման ուղղված հայտարարությունը մի պահ հույս է արթնացրել, բայց դա Եվրոպային խաբելու, իշխանությունն ամրապնդելու համար էր:
Նա հիշեց Գալուստ Սահակյանի՝ Մարտի 1-ի շուրջ արած դատողությունները, որոնք անչափ վիրավական էին։ «Ես նրան Զիմզիմով հետ եմ համեմատում, բայց մի՞թե խղճի խայթ չունեն, ասած Պեպոյի՝ սրտիդ դավթարում էլ մի՞թե մի բան չկա, Գալուստ Սահակյանը մեր Ազգային ժողովի պատկերն է ներկայացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ուզում էին բացահայտել, ինչո՞ւ լուծարեցին Նիկոյանի հանձնաժողովը։ Լուծարեցին, քանի որ ձեռք չէր տալիս, որովհետև չէին ուզում պատասխանատվությունը իրենց վրա վերցնել:
«Առաջին նախագահը կանգնած էր այնտեղ, որտեղ Մարտի 1-ը տեղի ունեցավ, երկրորդ նախագահը տվյալ պահին ղեկավարում էր մեր երկիրը, իր ձեռքում էր ամեն ինչ, ինքը կարող էր և՛ սարքել, և՛ քանդել, Սերժ Սարգսյանն էլ այդ ժամանակ բավական բարձր պաշտոնի նստած էր, և նա էլ իր բաժին մեղքն ուներ։ Նա, որ իշխանության մեջ էր, չէ՞ր կարող արդյոք կանխել։ Կարող էին կանխել, իրենց ոնց ձեռք է տալիս, ոնց պետք էր՝ այդպես արեցին»,- ասաց տիկին Ազատուհին:
Նա նույնպես ցանկություն ունի հանդիպելու երեք նախագահներին, բայց ի՞նչ պատասխան կտան իրեն, երբ անմեղ զոհերին հողը հանձնեցին իրենց այսօրվա պաշտոնի համար: Ի դեպ, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի, Գոռն ինքն էլ 2008-ի մարտի 10-ի համար տոմս ուներ, պետք է մեկներ Հայաստանից:
Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որևէ օգնություն չի ցանկանում և ի սկզբանե առաջարկված օգնությունից հրաժարվել է: «Թող իմ տղային չսպանեին, իմ տղան բանակից եկել էր, մենք ընտանեկան բիզնես ունեինք, տաքսի ծառայություն, և եթե իմ տղան կենդանի լիներ, մենք դեռ ուրիշ կարիքավոր ընտանիքների կօգնեինք, ես կոնկրետ նախագահի օգնության կարիքը չունեմ, բայց ես կարծում եմ, որ նրանք պարտավոր են օրենքի սահմանում ճանաչել իրենց սխալը»,- ասաց տիկին Ալլան՝ ավելացնելով, որ կոնկրետ իշխանության վրա է պատասխանատվությունը, և օրենքի սահմանում պետք է կատարեն այն բոլոր քայլերը, որոնք իրենք պարտավոր են բացահայտել՝ զոհվածների ընտանիքների արժանի փոխհատուցում տալու պահանջով. «Որևէ օգնություն ինձ պետք չէ, թող տանեն իրենց ընտանիքներին, որ ուտելով չեն կշատանում»,- ասաց տիկին Ալլան՝ ավելացնելով, որ իր պահանջն իշխանությունից է, ոչ թե ընդդիմությունից, բայց եթե զգա, որ Մարտի 1-ի բացահայտման հետ կապված պայքարը դադարեցնելու են, այդ ժամանակ կբողոքի, բայց հիմա ՀԱԿ-ը առաջ է քաշել նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծ, և այդ օրինագիծը պետք է քննարկման դրվի ԱԺ-ում:
«Եթե ես զգամ, որ ՀԱԿ-ը, իր շահերից ելնելով, Մարտի 1-ը մոռանում է, իհարկե կդժգոհեմ և կպայքարեմ, բայց հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- ասաց տիկին Ալլան:









































