ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 56 մարդու, որոնք մասնակցել են չարտոնված ցույցի և դիմադրություն են ցույց տվել իրավապահներին: Խոսքը Դիարբեքիրի նահանգում գրանցված բախումների մասին է:
Այդ հանրահավաքին մասնակցել են քրդական մի շարք կազմակերպությունների ակտիվիստներ, որոնք դուրս են եկել փողոցներ՝ տեղական բանտերում հացադուլ հայտարարած քրդերին աջակցելու համար: Մի քանի հարյուր դատապարտյալ քրդեր արդեն 50 օրից ավելի է, ինչ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով մեղմացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները:
Դիարբեքիրի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել ցուցարարների ցրման համար: Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել՝ իրավապահների վրա նետելով ինքնաշեն նռնակներ ու քարեր: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքեր և Մոլոտովի կոկտեյլներ:








































