Microsoft ընկերությունը հոկտեմբերի 26-ից վաճառել է Windows 8 օպերացիոն համակարգի 4 մլն օրինակ, որոնք նախատեսված են հին պլատֆորմների թարմացման համար։ Այս մասին հաղորդում է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը:
Windows 8-ը վաճառքի է հանվել անցած ուրբաթ օրը: Մինչև 2013 թ. հունվարի 31-ը նախորդ երեք տարբերակների համակարգերը համացանցի միջոցով կարող են թարմացվել Windows 8-ով՝ 40 դոլար արժողությամբ զեղչային տարբերակով։
Windows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին սեղանի պլատֆորմը, որը հարմարեցված է ինչպես անձնական համակարգչի աշխատանքին, այնպես էլ՝ պլանշետին: Նրա նախորդ Windows 7-ը լայն տարածում չի գտել պլանշետային աշխարհում, որտեղ գերակշռում է Apple iPad-ը:
Ընկերության ղեկավարները Windows 8-ը համարում են իրենց ամենառիսկային արտադրանքը: Դրա հաջողության ծայրահեղ կարևորության մասին է վկայում գովազդային արշավն ամբողջ աշխարհով մեկ, որը ամենամասշտաբայինն է ընկերության պատմության ընթացքում:









































