ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչ իր հարցին անդրադառնալը, խոսքն ուղղեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Պարոն Սահակյանը պատգամավորների անունից շնորհավորեց Ձեզ: Հարկ եմ համարում նշեց, որ ես չեմ շնորհավորում Ձեզ՝ Ձեզ հայտնի պատճառներով, էդ պատճառներն, իհարկե, մենք էս դահլիճում քննարկելու կոնկրետ առիթներ կունենանք»,- ասաց նա:
Փաշինյանը խոսեց իր ներկայացրած նախագծից, որով նախատեսվում է երթևեկության կանոնների համար նախատեսվող տուգանքները նվազեցնել, սակայն պատգամավորը տեղեկացել է, որ կառավարությունն արդեն նախապատրաստություններ է տեսել բացասական եզրակացություն տալու:
«Հարցը հեղինակային իրավունքը չէ, նախորդ շաբաթ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որտեղ կառավարության անդամներն ընդունեցին, որ, իրոք, մի շարք խախտումների համար տուգանքները համաչափ չեն և պետք է նվազեցվեն՝ այն պայմաններում, երբ արագաչափերի աբսուրդ գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիները հսկայական, անհամաչափ և անհասկանալի ֆինանսական բեռի տակ են հայտնվել, այսինքն՝ սա էդ լսումների արդյունքն է: Ակնկալում եմ պատասխան»,- ասաց նա՝ կոչ անելով հանրությանը ներկայացնել կոնկրետ ժամկետներ՝ երբ են պատրաստվում իջեցնել այդ տուգանքները, քանի որ դա հասարակական հնչեղություն ունեցող խնդիր է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին դիմեց՝ ասելով. «Մեր հայկական սովորույթն է` հյուրերին ջերմ են ընդունում»:
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, արձագանքելով հարցին, ասաց, որ լսումների ընթացքում բարձրաձայնել են այդ խնդրի մասին, նշեց, որ տուգանքների զուտ մեխանիկական իջեցումը չի հանգեցնի բուն նպատակի, ապա տեղեկացրեց, որ այս հարցով ստեղծված հանձնաժողովը օպտիմալ թվեր կներկայացնի մոտ ժամանակներս: Թովմասյանը չշրջանցեց նաև Փաշինյանի` կառավարությանը չշնորհավորելու հայտարարությունը՝ հիշեցնելով մի անեկդոտ. մեկի գերեզմանին քար են դնում, վրան նշում՝ ի հիշատակ՝ բոլորից, բացի Վալոդից, սակայն հավելեց, որ իրենք չէին էլ սպասում շնորհավորանքների:
«Քանի որ նոր կառավարության նոր կազմը դեռևս չի ձևավորվել, ցանկանում եմ, որ դրանում լինի Վալոդ անունով մարդ: Ի դեպ, խոսում են, որ նա լինելու է Ձեր փոխարեն»,- Թովմասյանին արձագանքեց պատգամավորը: Թովմասյանն ի պատասխան՝ նշեց. «Լուրերը Ձեզ ավելի քաջ հայտնի են, Դուք լրատվական դաշտից եք, գիտեք՝ լուրերը ոնց են շրջանառվում»:
Փաշինյանը խոստացավ հաջորդ անգամ ավելի ջերմ ընդունել նախարարներին, պարզապես մտածում էր՝ առաջին անգամ է, և հնարավոր է՝ կառավարության անդամներն այդքան շատ ջերմությանը չդիմանան: ԱԺ նորընտիր նախագահին Փաշինյանի պատասխանը դուր եկավ, նա տեղից արձագանքեց. «Որակյալ պատասխան էր»:








































