Scorpions խմբի թմբկահար Ջեյմս Քոթաքը Դուբայում ձերբակալվել է և մեկ ամիս ազատազրկման է դատապարտվել իսլամը վիրավորելու համար: Այս մասին հայտնում է The National էմիրաթական թերթը:
Դատավճիռն ուժի մեջ է մտել երեքշաբթի առավոտյան: Բանտարկության պատճառը երաժիշտի վարքն է ապրիլի 3-ին Մոսկվայից Դուբայ ավիաթռիչքի ժամանակ: Նա տրանզիտով Դուբայով մեկնելիս է եղել Բահրեյն, որտեղ նրա խումբը պետք է ելույթ ունենար «Ֆորմուլա-1»-ին:
Թերթը գրում է, որ երաժիշտն անպարկեշտ ժեստեր է ցույց տվել մուսուլման ուղևորներին և ալկոհոլ է օգտագործել: Ոգելից խմիչք օգտագործելու համար նա նաև տուգանվել է մոտ 500 դոլարով: Պատիժը կրելուց հետո նա կարտաքսվի հայրենիք: Դատի ժամանակ երաժիշտը հերքել է, որ վիրավորել է մուսուլմանների զգացմունքները, բայց խոստովանել է, որ ալկոհոլ է օգտագործել:












































