«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
– Պարոն Շարմազանով, նախագահական ընտրություններին ընդառաջ հերթական անգամ լարվել են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները: Ձեր երկու քաղաքական ճամբարներից «փոխհրաձգություններ» են տեղի ունենում: Արդյոք այդ լարվածության պատճառն ա՞յն է, որ ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու:
– Չեմ կարծում, որ «փոխհրաձգություններ» կամ «կրակոցներ» են հնչում: Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք և տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: Պարզապես վերջին օրերին վարչապետն էլ, ես էլ ներկայացրել ենք փաստը, որ նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի միակ պաշտոնական տեսակետն այն է, որ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որ 2013-ին պաշտպանելու են «գործող նախագահի» թեկնածությունը: Մենք հուշագրի մասին չենք խոսում, մենք խոսում ենք նախագահի ապագա թեկնածուի մասին, և չենք ասում, թե հուշագիրն է ուժի մեջ կամ՝ ուժի մեջ չէ: Իրենք նոր Ամերիկա չեն հայտնագործում, երբ ասում են, որ կոալիցիայում չեն: Իհարկե, կոալիցիայում չեք: Բայց խնդիրը կոալիցիայում լինել-չլինելու մեջ չէ: Խոսքը նախագահին պաշտպանելու այն հայտարարության մասին է, որը ստորագրվել է երեք կուսակցությունների կողմից:
Ինչ վերաբերում է Սևրի պայմանագրին, ապա մեր գործընկերները միգուցե տարրական չիմացության, դիվանագիտական անգրագիտության պատճառով են հիշել այդ պայմանագիրը: Կամ միգուցե լեզվի սայթաքում է եղել: Սևրի պայմանագիրը 20-րդ դարի հայ ժողովրդի երազանքների պայմանագիրն է, որի համաձայն` Հայաստանը 160 հազար քառակուսի կմ տարածք պետք է ունենար: Մեր գործընկերները շատ անհաջող համեմատություն են արել: ՀՀ և ոչ մի իշխանություն, ոչ մի նախագահ և ոչ մի արտգործնախարար չի հայտարարել, որ Սևրի պայմանագիրն ուժի մեջ չէ: Թուրքական կողմը միշտ ցանկացել է մեզանից կորզել այդ բառը, բայց Հայաստանում որևէ մեկը մեր երկրի անկախության ընթացքում չի հայտարարել, որ այդ պայմանագիրն ուժի մեջ չէ: Եվ եթե մենք չխոսենք, թուրքական մամուլը կամ քաղաքական շրջանակները կարող են ասել, որ ՀՀ երկրորդ խոշոր քաղաքական ուժը, որը նախկինում կոալիցիայի անդամ է եղել և կողմ է եղել արձանագրություններին, այսօր էլ իշխանության գալու մեծ հավակնություններ ունի, խմբակցության քարտուղարի ու պատգամավորի մակարդակով հայտարարում են, որ Սևրի պայմանագիրն ուժի մեջ չի: Ես պարզապես հուսով եմ, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ: Ես ընդամենը ուղղել եմ այդ սխալը: Նաև հիշեցնեմ, որ այդ կուսակցությունում կային մարդիկ, ովքեր եղել են արձանագրությունների ջատագովները: Եթե մոռացել են, հիշեցնեմ, որ 2010-ին 3 քաղաքական խմբակցությունների հայտարարություն կա, որտեղ շատ բարձր է գնահատվել հայկական կողմի գործողությունները:
– Քաղաքական հանրությունը, այդ թվում` և ՀՀԿ-ն կարծես թե սպասում է Գ. Ծառուկյանի հայտարարությանը, թե նախագահական ընտրություններին ում թեկնածությունն են պաշտպանելու: ԲՀԿ դիրքորոշման հստակությունը որքա՞ն կարևոր է ձեզ համար:
– Նախ՝ ՀՀԿ-ն և նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում օրակարգ ձևավորող հիմնական ուժն է: Եվ որպես օրակարգ ձևավորող ու նախաձեռնող ուժ` մենք արդեն հայտարարել ենք, որ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու մեր համագումարը, և հայտարարել ենք նաև համագումարի օրակարգը: Մենք այդ ճանապարհին չունենք մրցակիցներ և չենք ունենալու: Շառլ դը Գոլն ասում էր, միշտ ընտրի ամենադժվար ու ծանր ճանապարհը և երբեք այդ ճանապարհին մրցակիցների չես հանդիպի: Մենք այդ ճանապարհն ենք ընտրել: Հիմա, թե որ կուսակցությունն ինչպիսի մարտավարություն կունենա, դա տվյալ քաղաքական ուժերի գործն է: Բնականաբար հասարակությանը հետաքրքրում է երկրորդ քաղաքական ուժի կարծիքը, բայց դա բացառապես իրենց դիրքորոշումն է: Իսկ ես կասեմ, որ ԲՀԿ որոշմանն ավելի շատ սպասում են այլ ուժեր, ՀՀԿ-ն իր քայլը կատարել է:
– ՀԱԿ-ի՞ն նկատի ունեք:
– Ոչ միայն ՀԱԿ-ը: Այլ քաղաքական ուժեր ևս կան, ովքեր պետք է թեկնածու առաջադրեն, բայց դեռ այդ մասին պաշտոնական հայտարարություն չեն արել: Բայց եթե հիշում եք, 2007-ի այս օրերին քաղաքական կամպանիան արդեն սկսվել էր, մի քանի միտինգներ էին եղել: Հիմա իրավիճակը մի քիչ այլ է: Միայն մենք ենք հայտարարել: Եվ շատ վերլուծաբաններ, այսօր նաև Ռիչարդ Կիրակոսյանն է ասել, որ նախագահը վերընտրվելու է: Այսօր խնդիրն այն է, թե ով կլինի երկրորդ տեղում: Երբ ես մեկ ամիս առաջ ասացի, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, դաշտում շփոթմունք առաջացավ, բայց ես փաստն եմ արձանագրել: Եթե նոյեմբերին մենք չգիտենք, թե հիմնական մրցակիցներն ովքեր են լինելու, հավանական մրցակիցներն էլ չեն հայտարարում, և բոլորը պայքարելու են մի հոգու դեմ, նշանակում է, որ ֆավորիտը գործող նախագահն է: Գոնե մոտ հնարավորություններով մրցակից չունի:
– Ասում եք, որ դեռ չգիտեք, թե ով է լինելու ձեր թեկնածուի հիմնական մրցակիցը: Չե՞ք կարծում, որ նաև իշխանությունների գործուն միջամտությամբ քաղաքական դաշտն այնպես է փոշիացվել, որ այսօր ձեր թեկնածուն հիմնական մրցակից ունենալու խնդրի առջև է կանգնել: Երբ քաղաքական ուժեր էին պառակտվում, համոզմունք կար, որ այդ գործընթացները իշխանությունների շնորհիվ են տեղի ունենում, որպեսզի իրենց այլընտրանք ուժ չկայանա:
– Հարցի առաջին մասի հետ համաձայն եմ: Այո՛, իշխանության և նախագահի գործունեության, բայց դրական գործունեության արդյունքում այլ ուժեղ թեկնածուներ չեն նշմարվում: Նախագահի գործունեությունն այնքան դրական ու հրապարակային է եղել բոլոր ոլորտներում, որ այսօր նա մրցակից չունի: Իշխանության գործունեությունը բաց է եղել մամուլի և հասարակության համար: Եվ այս հրապարակային աշխատանքի դաշտում, քաղաքական ճգնաժամի պայմաններում, ընտրված նախագահի պաշտոնավարման ընթացքում երկխոսություն սկսվեց քաղաքական ուժերի, հանրային սեկտորի և վերջապես հասարակության հետ: Բարեփոխումներ նախաձեռնվեցին սոցիալ-տնտեսական, կրթության ու այլ ոլորտներում: Արտաքին նախաձեռնող քաղաքականություն սկսվեց: Եվ այսօր մենք չունենք քաղաքական ճգնաժամ, այսօր ունենք շատ հանգիստ քաղաքական միջավայր: Նախագահը ցույց տվեց, որ ուժեղ է այն իշխանությունը, որը կարող է լսել դիմացինի կարծիքը:
– Իրեն եվրոպական արժեքների ջատագով հռչակած քաղաքական ուժի իշխանության օրոք արդյոք քաղաքական ճգնաժամ չէ՞, երբ այսօրվա դրությամբ հայտնի չէ կամ չկա երկրորդ թեկնածուն: Հայտնի չէ, թե ով է լինելու նախագահի հիմնական մրցակիցը: Սոցիալ-տնտեսական բարեփոխումներից եք խոսում, բայց աղքատությունը ձեր իշխանության օրոք կրկնապատկվել է:
– Ես չեմ կարծում, որ քաղաքական ճգնաժամ կա, որովհետև խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կան այլընտրանքային քաղաքական ուժեր, բայց նրանք դեռ չեն որոշել, թե ինչպես պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին: Երբ ես ասում եմ, թե այլընտրանք չկա, նկատի ունեմ այն, որ բացի Ս. Սարգսյանից որևէ մեկը հաղթելու շանս չունի: Ինչ վերաբերում է աղքատությանը, այո՛, այն կրկնապատկվել է, բայց ամբողջ աշխարհում է մեծացել: Ամբողջ աշխարհում եղել է տնտեսական ճգնաժամ: Եվ այդ ճգնաժամը ՀՀ նախագահն ու իշխանություններն իրենց տնից չեն բերել: Ավելին` այդ ճգնաժամի տարիներին աղետի գոտում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան նախկինում կառուցվում էր: Սոցիալական նպաստներ, կենսաթոշակներ ու նվազագույն աշխատավարձ է ավելացել: Հիմա կասեք, թե դա բավարար չէ և չնչին է: Իհարկե, բավարար չէ: Բայց եվրոպական երկրներում կրճատում են, իսկ այստեղ՝ ավելացնում: Իհարկե, չնչին է, բայց ավելացնում ենք, չէ՞: Եվ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել:
– Թե՛ ՀՀԿ-ից, թե՛ ԲՀԿ-ից հայտարարում են, որ նախագահական ընտրությունների հետ կապված պաշտոնական քննարկումներ չեք անցկացնում: Միաժամանակ նաև հայտարարում եք, որ Ս. Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ նա ԱԱԽ անդամ է: Այդ հանդիպումների ժամանակ ամենայն հավանականությամբ նրանք նաև նախագահական ընտրությունների հետ կապված քննարկումներ են անցկացնում:
– Նախ պետք չէ զարմանալ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումներից: Հիշեք, որ Սամվել Բալասանյանի առաջադրման ժամանակ Ս. Սարգսյանը Գյումրիում ասաց, որ ԲՀԿ-ն թշնամի կուսակցություն չէ, մեզ համար օտար կուսակցություն չէ: Երկրորդը՝ ԲՀԿ նախագահը անվտանգության խորհրդի ԱԱԽ անդամ է և Օլիմպիական կոմիտեի նախագահն է: Եվ կարող է պարբերաբար հանդիպումներ ունենալ երկրի նախագահի հետ: Ի վերջո, ԲՀԿ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի, «Ժառանգության», իրեն ընդդիմություն չի համարում: Նրանք այլընտրանք են: Բնականաբար շատ նորմալ է, որ հանդիպումներ լինեն: Բայց կոնկրետ որևէ խոստում կամ գործարքի մասին խոսք չկա:
– Իսկ ի՞նչ գիտեք, որ այդ հանդիպումների ժամանակ Գ. Ծառուկյանը Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու համար նրանից իշխանության մաս չի պահանջում կամ խնդրում:
– Ես որ չիմանամ՝ չեմ ասի: Ես ասում եմ այն, ինչ գիտեմ: Եվ ի տարբերություն շատ մարդկանց, չեմ ասում այն, ինչ ենթադրում եմ: Եվ բոլոր նմանատիպ խոսակցությունները, թե իբր Ծառուկյանին խոստացել ենք փոխվարչապետի կամ ուրիշ պաշտոնները և այլն, աբսուրդի ժանրից են: Որևէ պաշտոնի առևտուր, բանակցություններ չկան:











































