Օղակաձև զբոսայգու Խանջյան 20 հասցեում քաղաքապետարանի թողտվությամբ իրականացված և օրերս փլուզված շինարարության տերերի թվում շրջանառվում են նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ու նրա սանիկ՝ Jose համալիրի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանի անունները:
Հիշեցնենք, որ Մհեր Ավետիսյանը Jose-ը վաճառեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Հարություն Փամբուկյանին ու Խաչիկ Մանուկյանին: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանը հայաստանյան մամուլին ուղարկած իր նամակներում պնդում էր, որ Կճոյանն ու Ավետիսյանը 12 մլն դոլար «գցել» են իրեն: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Մհեր Ավետիսյանի հետ:
– Պարոն Ավետիսյան, Ձեր անունը կրկին շրջանառվում է մամուլում, այս անգամ` Խանջյան 20 հասցեում փլուզման հետ կապված: Ասվում է, որ այդ շենքը Ձեզ է պատկանում:
– Մարդիկ պարապ են, անուններ են շրջանառում: Խնդրում եմ ինձ տենց հարցերով չանհանգստացնել:
– Դուք կարո՞ղ եք հերքել կամ հաստատել, որ դա Ձեր շինությունն է:
– Այո՜, հերքում եմ:
– Սեփականատերերի թվում շրջանառվում է նաև Նավասարդ Կճոյանի անունը, որ փլուզված շինությունը Կճոյանին է պատկանում:
– Դա էլ եմ հերքում:
– Հստակ գիտե՞ք, որ իրեն չի պատկանում:
– Հստակ եմ հերքում: Ուղղակի հավես չկա դատի տալու, ժամանակ չունենք մենք: Օբյեկտը վաճառված ա մեկ տարի առաջ արդեն:
– Պարոն Ավետիսյան, փաստորեն Դուք էլ ձեր նախկին շենքը՝ Jose-ի կառուցապատումը վստահել եք «Չիլինգարյան դիզայն» ընկերությանը, ինչպես դա արել է փլուզված շենքի սեփականատերը…:
– Ես էնքան բիզնես ունեմ, որ չեմ հասցնում նայել՝ ով ինչ է պատվիրում, ինչ է անում: Ես իմ հոգսերով եմ ապրում: Ինձ մարդիկ երբեք չեն հետաքրքրում:
– Սակայն Ձեր շինությունը վստահել էիք ՙՉիլինգարյան դիզայնին՚, գո՞հ եք իրենց աշխատանքից:
– Շատ գոհ եմ, ոչ թե գոհ եմ: Իրանք շատ լավ կամպանիա են, էն, ինչ որ իրանք սարքել են, շատ լավ կամպանիա են: …Ես էդտեղի հետ կապ չունեմ, Ձեզ հետաքրքրող մարդիկ էդտեղի հետ կապ չունեն: Որ լիներ, իմացեք Ձեզնից հաստատ չէինք վախենա, բացահայտ կասեինք: Էդ ո՞վ էր գալու մեր ձեռքից տաներ:
– Կարծում եք՝ էդտեղ վատ բան կա՞, որ ասում են՝ այդ շենքը Ձերն է:
– Շատ վատ բան կա: Մի բան, որ իմը չի, խի՞ են վերագրում ինձ: Բերեք տվեք ինձ, ես էլ տամ Ձեզ: Հիմա դեպք ա, եղել ա: Գոնե զանգեք, մարդկանց ասեք՝ ինչով կարանք օգտակար լինենք, գրում եք՝ շենքը փլուզվավ: Շենքը փլուզվա՞վ, դուք տեսե՞լ եք փլուզված շենք:
– Ինչ ի՞նչ եղավ շենքը` Ձեր կարծիքով:
– Աբալովկա ա քանդվել ընդամենը, որը ցանկացած շինարարությունում լինում է: Շենքը փլուզվա՛վ, գիտեք վայ երկիրն ա փլուզվել: Էդ ա լրատվական դաշտը մեր:
– Պարոն Ավետիսյան, Դուք շարունակո՞ւմ եք Ձեր կապերը պահել և համագործակցել Նավասարդ Կճոյանի հետ:
– Նավասարդ Կճոյանը իմ տան սրբությունն ա: Մինչև խոր ծերություն շարունակվելու ա պահվել նման ձև, ոնց որ որ կա: Կյանքում մեր մեջ հարաբերություն չի կարա փչանա երբեք, որովհետև էդ մարդն իմ համար, իմ ընտանիքի համար համարվում ա սրբություն:
– Մինչդեռ ժամանակին ասել էիք, որ նա ընդամենը Ձեր երեխաների քավորն է, և Դուք ոչինչ պարտավոր չեք իրեն նվիրել:
– Էդ ուրիշ հարց եք տալիս: …Կրկնում եմ նորից, Նավասարդ սրբազանը իմ ընտանիքի սրբությունն ա, իմ քավորն ա:
– Պարոն Ավետիսյան, տեղեկություն կա, որ Նավասարդ սրբազանը ոչ միայն Ձեր ընտանիքի սրբությունն է, այլև ձեր բիզնեսի համար «տանիք» է ապահովում վարչապետի միջոցով:
– Արդեն ուզում եք նորից նույն թեմաները շոշափել, ցտեսություն:











































