Հոկտեմբերի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի այցելել Եռաբլուր և Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: ՀՀԿ-ից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել են, որ Ս. Սարգսյանը Երևանում չէր, Դիլիջանում հանդիպման էր ստեղծագործական միությունների ղեկավարների և երիտասարդ ստեղծագործողների հետ: Եռաբլուր և Պանթեոն չի այցելել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աժ-ից «ՀԺ» թղթակցին հայտնել են, որ նա մասնակցել է խորհրդարանում զոհերի հիշատակին դրված կոթողի մոտ կազմակերպված միջոցառմանը, իսկ Եռաբլուրում և Պանթեոնում նրա անունից ծաղկեպսակ է դրվել:
Եռաբլուր և Պանթեոն չի այցելել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի խոսնակը թերթի թղթակցին ասել է, որ նա ՀՀ-ում չէ, մեկնել է հոկտեմբերի 25-ին և կվերադառնա այս շաբաթվա վերջին: Թե ուր է մեկնել, խոսնակը չի ասել:
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Իշխանական դեմքերից Պանթեոն և Եռաբլուր են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ:











































