Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում նշում են հանրապետության հիմնադրման 89-ամյակը: Դրա հետ կապված աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի պատմության ընթացքում:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սկսել է Հանրապետության հիմնադրման կապակցությամբ բարձրաստիճան զինվորականներից ու պաշտոնատար անձանցից շնորհավորանքներն ընդունել Չանքայա նախագահական նստավայրում:
Թերթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ցայժմ երկրի նախագահը ազգային և պետական տոների կապակցությամբ շնորհավորանքներն ընդունում էր երկրի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նմանապես աննախադեպ իրադարձություն էր գրանցվել նաև նախորդ տարվա օգոստոսի 30-ին, երբ Թուրքիայում նշում են Հաղթանակի և միաժամանակ երկրի զինված ուժերի տոնը: Այն ժամանակ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այդ արարողությունն ընդունեց ոչ թե գլխավոր շտաբի պետը, այլ` երկրի նախագահը։ Նախկինում այդ տոնը նշվել է գլխավոր շտաբի՝ հյուրերի համար նախատեսված դահլիճում, և այն ավանդաբար ընդունել էր «տանտերը»՝ գլխավոր շտաբի պետը։
Մինչդեռ նախորդ տարի Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ դա ընդունեց Աբդուլլահ Գյուլը՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»։ Հենց նա կանգնեց Թուրքիայի երկու դրոշների մեջտեղում` ընդունելով Հաղթանակի տոնին առնչվող՝ նախարարների եւ բարձրաստիճան զինվորականների շնորհավորանքները՝ դրանով իսկ դառնալով Թուրքիայի պատմության մեջ այդ տոնն ընդունած առաջին «գերագույն գլխավոր հրամանատարը»: Ի դեպ, Հաղթանակի տոնից առաջ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը Գյուլին առաջարկել էր համատեղ ընդունել այն, սակայն Գյուլը մերժել էր նրան:









































