Իսրայելի կառավարությունը որոշել է ավելի քան 70 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի հետ սահմանային շրջանների հակահրթիռային պաշտպանությանը: Այս որոշումը հաջորդել է լարվածության վերջին սրացմանը, երբ զինյալները Իսրայելի ուղղությամբ արձակել էին ավելի քան 150 հրթիռ և ականանետային արկեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նոր միջոցառումներն ուղղված են նախկինում խոցելի գոտիների պաշտպանությանը, որոնք ընկած են սահմանից 4,5-7 կմ հեռավորության վրա:
Մինչ օրս հակահրթիռային պաշտպանությունն իրականացվել է ամենամոտ գոտում, որտեղ հիմնականում ընկնում են արկերը: Բոլոր շինությունները, այդ թվում՝ բնակֆոնդը, ապահովված են նման հարձակումներից, իսկ 7 կմ հեռավորության վրա իսրայելական տարածքների պաշտպանությունն իրականացնում են «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգերը: Սակայն այդ երկու գոտիների միջև ընկած հատվածը մնում էր խոցելի:












































