Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է հղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցում Հայաստանի Հանրապետության արձանագրած զգալի առաջընթացի կապակցությամբ.
Մեծարգո Պարոն Վարչապետ,
Համաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը ուրախ է այս նորության համար և շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ։ Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունը արդեն իսկ կյանքի է կոչում։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի դադարում առաջընթաց ունենալ Եվրամիության հետ մերձեցման գործում և այսօր ներգրավված է խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու բանակցային գործընթացում, այս հաջողությունը լուրջ քաջալերում է` շարունակելու և արագացնելու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները՝ առաջընթացը սատարելու և երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բարելավելու նպատակով։
Մեր շարքերը համալրած ֆրանսիական ձեռնարկություններն իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Համոզված եղեք, Մեծարգո Պարոն Վարչապետ, որ Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կօժանդակի Հայաստանի իրականացրած առաջընթացը Եվրամիությունում և Ֆրանսիայում մեր գործընկերների կողմից լավագույնս արժևորելու գործում»։
Արման Փինարբասի
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի Նախագահ
Անրի Ռենո
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի Պատվավոր Նախագահ:








































