Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում «Պորշ Կայեն» մակնիշի 31 ՕՏ 257 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Արա Հովհաննիսյանը, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածի կանաչ գազոնի վրայով, բախվել է 26-ամյա Գոռ Ղարիբյանի վարած «Գազ 24» մակնիշի 43 ՕԼ 018 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով «Գազ 24»-ի վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ «ՊորշԿայենի» ուղևորը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Դեպքի վայրում մի քանի երիտասարդներ համոզել են քննիչին, որպեսզի «ՊորշԿայենը» չտեղափոխվի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք, սակայն քննիչի հանձնարարականով, երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:










































