Ծխելը մարդուց միջինը 10 տարվա կյանք է խլում: Այս մասին վկայում են Օքսֆորդի համալսարանի հետազոտության արդյունքները, որը հավակնում է պատմության մեջ ծխողների առողջական վիճակի վերլուծութան ամենաընդգրկուն կոչմանը:
Sky News-ի փոխանցմամբ` վնասակար սովորության ազդեցության ուսումնասիրումը Մեծ Բրիտանիայում սկսվել է դեռ անցած դարի 50-ականների սկզբին, երբ երկրում ծխելու նորաձև հակումը հասել էր գագաթնակետին: Այդ ժամանակ ծխախոտից կախվածություն ուներ 5 տղամարդուց 4-ը, 5 կնոջից երկուսը:
Միայն 60 տարի անց, ուսումնասիրելով բրիտանացի ծխողների մի ամբողջ սերնդի, Օքսֆորդի համալսարանի մասնագետները հրապարակել են այդ հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ ծխելն ավելի վտանգավոր է մարդու համար, քան նախկինում ենթադրվում էր: Գիտնականներին հաջողվել է անմիջական կապ հայտնաբերել ծխելու տևականության և վաղաժամ մահվան ռիսկի միջև:
Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրելով տարբեր տարիքի 1,3 մլն կանանց հիվանդությունների պատմությունը` մասնագետները եկել են միանշանակ եզրակացության. նրանք, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում պահպանել են վնասակար սովորությունը, մահացել են առնվազն 10 տարի շուտ նրանցից, ովքեր ավելի շուտ են թողել ծխելը:
Հետազոտության գլխավոր եզրակացությունը պարզ է. մարդը որքան շուտ հրաժարվի սիգարետից, ավելի երկար կապրի: Այսպիսով՝ եթե մարդը ծխելը թողնի մինչև 30 տարեկանը, հիվանդությունների, առաջին հերթին քաղցկեղի ռիսկը կնվազի 97 տոկոսով: Իսկ եթե այդ կախվածության դեմ մարդը չի պայքարում 40 տարեկանից հետո, ապա վաղաժամ մահվան ռիսկը մեծանում է 10 անգամ:
Մասնագետները նշում են, որ թեև հետազոտությունն անցկացվել է կանանց շրջանում, այն օրինաչափ է նաև տղամարդկանց համար:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում ծխում է երկու սեռերի ներկայացուցիչների շուրջ 20 տոկոսը:











































