1963թ. Վիեննայում մահացավ ականավոր հայագետ, բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, մանկավարժ Ներսես (ավազանի անունը՝ Գաբրիել) Ակինյանը: Նա 1901թ. Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ է, 1954-ից` Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր:
Ներսես Ակինյանը ծնվել է 1883թ. սեպտեմբերի 10-ին: Նախնական կրթությունն ստացել է Արդվինում, ապա 1895-ին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարան: Հետևել է Վիեննայի համալսարանի հունա-հռոմեական, բյուզանդական մշակույթի, պատմության, հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտարապետության և արվեստի նշանավոր հետազոտող Յ. Ստրժիգովսկուն, հետագայում դարձել նրա խորհրդատուն:
Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել ու հավաքել է բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր: 1912-ին Ս. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա` այլ հնավայրեր:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին: 1923-1929թթ. աշխատել է Ս. Էջմիածնի ձեռագրատանը: 1929-ին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել Հայաստանից, այնուհետև շարունակել ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 7 տարի մնացել է Բեյրութում, 1946-ի աշնանը վերադարձել Վիեննա:
Թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտական խնդիրներին: Հայագիտությունը Ակինյանին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար:
«Դասական հայերէնը և Վիեննական Մխիթարեան դպրոցը» (1932) մենագրությունում թվագրել է հայ մատենագրության վաղ շրջանի երկերը, հունաբան դպրոցի թարգմանություններից առանձնացրել դասական հայերենով գրված գործերը: Ակինյանի ուսումնասիրությունների հիմնական առարկաներն են հայ ինքնուրույն և թարգմանական գրականությունը, մատենագրական երկերի բնագրագիտական քննությունը: Աշխատակցել է հայկական, գերմանական, անգլիական բազմաթիվ հանդեսների: Ակինյանի անտիպ աշխատությունները պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում:










































