«Հանրապետություն» կուսակցությունը մինչ նախագահական ընտրությունները համագումար կանի, որի ընթացքում էլ կորոշի ընտրություններին մասնակցության ձևաչափը: «Առաջին լրատվական»-ը զրուցել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, վաղը հոկտեմբերի 27-ն է, 13 տարի է անցել, Դուք դեռ սպասո՞ւմ եք Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը:
– Իմ կարծիքով` հասարակական գիտակցության մեջ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է` անկախ, թե ինչքան է հասարակական գիտակցության մոտեցումը իրականությանը մոտ: Պետությունն իր կայացվածությամբ, դատական համակարգով պիտի կարողանա մեղադրել, մեղադրանք ներկայացնել և ապացուցել: Քանի որ մեր երկիրը, մեր պետությունը չի կարողացել առ այսօր դա անել, հետևաբար հոկտեմբերի 27-ի գործը նույն իրավիճակում է, ինչ հոկտեմբերի 28-ին` հենց հաջորդ օրը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի` որպես պետության կայացման հիմնական գործընթացներից մեկն էլ արդարադատության կայացումն է, իսկ դրա առաջին խնդիրներից մեկը` Հոկտեմբերի 27-ի բացահայտումը, Մարտի 1-ի բացահայտումը և այլն:
– Երբ Դուք դուրս եկաք ՀԱԿ-ից, հայտարարեցիք, որ չեք բացառում նախագահի ընտրություններում տարբեր ձևաչափով մասնակցությունը: Այսօր հնարավո՞ր է թեկնածու առաջադրվեք նախագահի ընտրություններում:
– Իմ կարծիքով` հասարակությունը թե՛ 2003 թվականին, թե՛ 2008 թվականին գտավ այն մարդուն, որով փորձեց փոփոխությունների իր ցանկությունները, երազանքները իրականություն դարձելու համար պայքարել: Ես կարծում եմ, որ 2013 թվականին էլ հասարակությունն ընտրությունը կայացնելու է ոչ թե ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, այլ փորձելու է քաղաքական դաշտում գտնել այն ուժը, ում համարում է արդար, ազնիվ, ում չի կասկածում: Եթե այդ գործընթացում հասարակությունը կտեսնի, որ իմ ներդրումը որպես մարդ, որպես քաղաքական գործունեություն ծավալած մարդու ներկայությունը կամ մասնակցությունը կարող է հույս ներշնչել, ես դա կընդունեմ որպես պարտք և կանեմ ամբողջ ներուժով, պոտենցիալով և ամբողջ նվիրվածությամբ, արդար ու առանց կասկածների, առանց հետին պայմանավորվածությունների ու կուլիսային խոսակցությունների:
– Ի՞նչ պիտի անի հասարակությունը տվյալ դեպքում, Ձեզ պիտի դիմի՞, ինչպե՞ս եք պատկերացնում դա: Չէ՞ որ դուք պիտի առաջադրեք Ձեր թեկնածությունը, որ հասարակությունը Ձեզ դիտարկի որպես թեկնածու:
– Բացարձակապես այդ կարծիքին չեմ, ու ես մեծամիտ մարդ չեմ, որ մտածեմ, թե հասարակությունը պիտի գա, դիմի ինձ: Հեչ էդպես չեմ մտածում ու չեմ կարծում, որ կա էդպիսի մարդ, որին հասարակությունը պիտի գնա ու դիմի: Այսօր, ընդհանրապես, քաղաքական ու լրատվական դաշտում խոսակցությունները հետևյալն են` ի՞նչ կասի Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն կառաջադրի՞ իր թեկնածուին, թե՞ չի առաջադրի, որ հիմնական ընտրությունը գնալու է այս երկու ուժերի միջև, որ Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն ԲՀԿ-ն և այլն: Ես իմ խնդիրն այսօր համարում եմ հասարակությանն ասել` հասարակություն, Սերժ Սարգսյանը չի որոշում` ինքն է դառնալու այս երկրի նախագահը, թե ոչ: Առավել ևս Գագիկ Ծառուկյանից բացարձակ կախված չի` էս երկրի նախագահը ով կլինի: Դու ես որոշողը, ժողովուրդ` էս երկրի նախագահը ով է լինելու, ու եթե դու ուզում ես, որ էս երկրում փոփոխություն լինի, դու կարող ես էդ փոփոխությունը բերել: Ես դրա համար այցելություններ եմ կազմակերպում հանրապետության տարբեր մարզեր, շրջաններ, քաղաքներ, որտեղ ունեմ համախոհներ ու ազնվորեն վիճակը բացատրում եմ: Փորձում եմ իրենց հույսով լցնել, որ այդ խնդիրը մեր բոլորիս խնդիրն է, և մենք բազմաթիվ անգամներ թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Գագիկ Ծառուկյանին հաղթել ենք ընտրություններում: Ուրիշ խնդիր է, թե այդ հաղթանակն ինչու միս ու արյուն չի ստացել: Իսկ թե այդ հաղթանակն ումով կլինի, էդ արդեն ժողովուրդն է որոշում: Ես երբեք ինքս ինձ չեմ առաջադրի: Հասարակությունն է որոշում, ինքն է առաջադրում: Երբ ինքն առաջադրում է, դա երևում է: Ես ուզում եմ, որ հասարակությունը հույս ունենա, էդ հույսն ումով կունենա` դա արդեն ուրիշ խնդիր է: Ինձ համար իշխանություն կամ ընդդիմություն լինելը ինքնանպատակ չի:
– Կարծում եք` այսօր կա՞ հասարակության համար ընդդիմադիր թեկնածու, ուժ, ում ինքը տեսնում է որպես լիդեր:
– Իմ կարծիքով` այսօր քաղաքական իրավիճակի առումով Հայաստանը ոչ լավ ժամանակներ է ապրում, և ինչ-որ տեղ ընդդիմությունն իր մեղքն ունի, որովհետև մինչ այժմ եղած ցանկացած ընտրությունում հստակ երևացել է, որ իշխանությունները գործում են անբարոյության դաշտում, ընդդիմությունը գործում է բարոյականության դաշտում: Բազմաթիվ մարդիկ կանգնել են իմ կողքին ոչ թե նրա համար, որ համարել են` ես լավն եմ կամ չգիտեմ, այլ համարել են, որ էս մարդկանց չի կարելի մենակ թողնել: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմության դաշտում կանգնած մարդկանց էլ է հասարակությունը սկսել կասկածել: Դա շատ վատ է:
Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ հասարակությունն էդ վիճակից դուրս գա: Քաղաքականությունը դա բարոյականություն է, և բարոյական մարդիկ քաղաքական դաշտում կան: Առավել ևս ընդդիմադիր դաշտում էդ մարդկանց թիվը շատ է: Հասարակությունն ինքը կգտնի էդ մարդուն, կտեսնի էդ մարդուն ու դա ի հայտ կգա: Անհնար է, որ էսպես շարունակվի:
– Սակայն չե՞ք կարծում, որ այսօր հասարակության համար ընտրության հնարավորությունները քիչ են, երբ քաղաքական դաշտում խաղացողներն են Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը…:
– Ես համարում եմ, որ Ձեր թվարկած բոլոր խաղացողները խաղացող են, իրական գործոնը ժողովուրդն է: Ես չեմ ուզում էդ խաղացողներից մեկը լինել: Ես ուզում եմ գործոնը լինել: Ես ուզում եմ, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է գործոնը: Ես համարում եմ, որ ժամանակը հասել է, որ ժողովուրդը գործոն դառնա, ու ինքն է որոշում, թե էս երկրի նախագահն ով է:
– Պարոն Սարգսյան, այ Դուք ասացիք` ամեն ինչի պատրաստ եք, որ ժողովրդի հույսն արթնանա: Կարծո՞ւմ եք արդյոք, որ այսօր ընդդիմադիր ուժերի նոր համախմբման կարիք կա, և Դուք պատրա՞ստ եք ղեկավարել այդ շարժումը:
– Ես 2003 թվականին պաշտպանել եմ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը և գտնում եմ, որ ճիշտ եմ արել, 2008 թվականին պաշտպանել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը և համարում եմ դա միակ ու ճշգրիտ քայլը: Ես ապացուցելու բան չունեմ, ես ինքնասիրահարված մարդ չեմ, չեմ կարծում, որ միակն ու անկրկնելին ես եմ: Ես հակված եմ, որ հասարակությունը 2003-ին ինքն ընտրեց Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին ինքն ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ու ուզում եմ հավատալ, որ 2013 թվականին էլ ճիշտ ընտրություն կանի: Ես պայքարում եմ դրա համար, որ ճիշտ ընտրություն անի: Եվ եթե ճիշտ ընտրություն չանի, էդտեղ նաև իմ մեղքը կա, որ հասարակությունը ճիշտ ընտրություն չի արել: Դա իմ թեկնածությամբ չի որոշվում: Ես ոչ միայն խնդիր չեմ դրել, որ ինձ միանան այլ ուժեր, այլ այս անգամ ես ինքս խնդիր չեմ դրել, որ ես միանամ այլ ուժի: Բայց իմ կարծիքով` հասարակությունը համախմբվելու է, և շատ ուժեր երկրում իրական փոփոխություններ անելու կողմնակից են: Եվ էդ առումով` համախմբում լինելու է մինչև նախագահական ընտրությունները: Թե ում շուրջ` դա ժամանակը ցույց կտա:









































