Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մտադիր է նոյեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, պիկետ անցկացնել Ադրբեջանի խորհրդարանի առջև` ի նշան բողոքի սահմանադրական այն ուղղումների դեմ, որոնք վերաբերում են չարտոնյալ ակցիաների անցկացման համար նախատեսված տուգանքների մեծացմանը (50-100 անգամ):
Այս որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին` «Հասարակական պալատ» շարժման կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստում: Կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչ Ադալյաթ Յուսիբովը հայտարարել է, որ այդ ուղղումներն ունեն սահմանափակող բնույթ և ուղղված են Ադրբեջանում ազատ հանրահավաքների ճնշմանը:
«Հասարակական պալատ» շարժման տարածած հայտարարության մեջ ուշադրություն էր հրավիրվում այն հանգամանքի վրա, որ այդ ուղղումների ներդրումը տեղի է ունենում 2013 թվականին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:
Շարժումը կարծում է, որ պատժիչ միջոցներ ձեռնարկելու փոխարեն իշխանությունները պետք է վերացնեն հանրահավաքների անցկացման հարցում առկա սահմանափակումները և չխոչընդոտեն Բաքվի կենտրոնում իրենց ակցիաների անցկացմանը: