Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Ստրասբուրգում տեղի են ունեցել Վրաստանի վերաբերյալ քննարկումներ, ինչից հետո ընդունվել է հատուկ բանաձև: Դա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Եվրախորհրդարանի ընդունած առաջին բանաձևն է:
Դրանում եվրապատգամավորները շնորհավորում են վրաց ժողովրդին՝ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին լուրջ քայլ կատարելու համար, ողջունում են ԵԱՀԿ-ի դիտորդների կարծիքով միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացումը և ընդգծում են, որ այդ ընտրությունները վճռորոշ էին՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման, երկրի քաղաքական ապագայի համար:
Բանաձևում նաև նշված է, որ Վրաստանից անջատված տարածքներ Աբխազիան ու Հարավային Օսիան ցայժմ դե-ֆակտո օկուպացված են ռուսական զինված ուժերի կողմից՝ չնայած 2008 թվականին Վրաստանի ու Ռուսաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 6-րդ կետին: Նշված է նաև, որ Աբխազիայում ու Հարավային Օսիայում նախկինի նման սահմանափակված է ԵՄ-ի դիտորդական առաքելության մուտքը:
Եվրապատգամավորները նաև ողջունել են Վրաստանի նախագահի հայտարարությունը, ով ընտրություններից շատ կարճ ժամանակ անց ընդունեց ընտրություններում իր կուսակցության պարտությունը:











































