РБК-ի փոխանցմամբ՝ թուրքական հյուրանոցատերերը որոշել են մեծացնել «հալալ» հյուրանոցների թիվը, որոնցում զբոսաշրջիկներին կառաջարկվի հանգստանալ իսլամի օրենքներին համապատասխան: Այդպիսի հյուրանոցներում մեկ համարը կարող է տրամադրվել միայն պաշտոնապես ամուսնացածներին, լողավազաններն ու լողափերը տղամարդկանց ու կանանց համար առանձին կլինեն, ալկոհոլն արգելված կլինի, իսկ լողալ կթույլատրվի միայն ամբողջովին փակ լողազգեստներով:
Նշվում է, որ ամեն ամիս Թուրքիայում աճում է այդպիսի «հալալ» հյուրանոցների թիվը: Դա, մասնավորապես, սկսել է վերաբերել Թուրքիայի հարավային ափերին, ուր տարիներ շարունակ հանգստանում են ռուս զբոսաշրջիկները, որոնք աչքի են ընկնում ալկոհոլի նկատմամբ ցուցաբերած իրենց հակումով, «կուրորտային» սիրավեպերով և հարբածների ծեծկռտուքներով:
Ամերիկյան Dinar Standart ընկերության այս տարվա անցկացրած հետազոտության համաձայն՝ մուսուլմանական զբոսաշրջության համընդհանուր շուկան գնահատվում է մոտ 126 միլիարդ դոլար: Թուրք հյուրանոցատերերը մտադիր են բաց չթողնել դրանից շահույթ ստանալու իրենց հնարավորությունը:










































