Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մանրամասն պարզել Հյուսիսային Կովկասի զինյալների դեմ իրականացված սկանդալային օպերացիայի էությունը: Այդ օպերացիան գերատեսչության նախկին ղեկավարության կողմից իրականացվել էր օգոստոսին ռուս-վրացական սահմանին ընկած Լոպոտ գետի կիրճում:
Այս կապակցությամբ Գարիբաշվիլին հայտարարել է. «Ես մանրամասն պարզելու եմ այս գործը, առավելագույն սկզբունքայնություն եմ ցուցաբերելու այս և մյուս գործերի նկատմամբ, եթե դրա կարիքը զգացվի, անելու եմ համապատասխան հայտարարություններ: Ներկա փուլում, իմ տեղեկություններով, իրավիճակը Պանկիսի կիրճում վերահսկողության տակ է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Ռուսաստանի սահմանին իրականացված այդ օպերացիայի հետևանքով սպանվել էր 11 գրոհային և Վրաստանի զինված ուժերի երեք ներկայացուցիչ: