Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, որին կասկածում են իր խնամքին հանձնված 2 երեխաների սպանության համար: Reuters-ի հաղորդմամբ` երեխաների մարմինները՝ դանակից ստացած վերքերով, հայտնաբերել է նրանց մայրը: Հարևանները լսել են կնոջ ճիչը, զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն:
Ոստիկանության տվյալներով` երեխաներից մեկը 1-2 տարեկան տղա է, մյուսը` 6 տարեկան աղջիկ:
Նրանց մարմինները հայտանաբերվել են լոգասենյակում: Այնտեղ դանակից ստացած վերքերով ընկած է եղել նաև դայակը, որը, ինչպես ենթադրվում է, ինքն է իրեն վնասել: Կողքին արյունոտ խոհանոցային դանակ է եղել:
Կինը, որի անունը չի նշվում, ծայրահեղ վիճակում հասցվել է հիվանդանոց և կալանքի տակ վերցվել:
Սպանությունը տեղի է ունեցել Մանհեթենի թաղամասերից մեկում: Ընտանիքը երրորդ երեխա էլ ունի` 3 տարեկան աղջիկ: Սպանության պահին նա մոր հետ է եղել:











































