Այսօր Սիրիայում պետք է ուժի մեջ մտնի ժամանակավոր զինադադարը, որը կպահպանվի Իդ ալ-Ախդա մուսուլմանական տոնի չորս օրերին:
Կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու պատրաստակամության մասին է երեկ հայտարարել կառավարական ուժերի հրամանատարությունն ու ապստամբական խոշորագույն խմբավորման՝ Սիրիայի ազատ բանակի ղեկավարությունը: Ինչպես զինվորականները, այնպես էլ ապստամբները հայտարարում են, որ կպատասխանեն հակառակորդի ցանկացած գործողության: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
«Ալ-Նուսրա» ապստամբական խմբավորման իսլամիստները հայտարարում են, որ իրենց վրա ոչ մի պարտականություն չեն վերցնում և չեն հետևի զինադադարին:
Երկրում կրակի ժամանակավոր դադարեցման նախաձեռնությամբ հանդես էր եկել Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին, որը հույս ունի, որ այդ պլանի իրագործումը կօգնի կանգնեցնել հակամարտությունը: Բրահիմիի նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Երեկ մարտերը Սիրիայում շարունակվել են:









































