Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 100 սոցիալապես անապահով անձինք այսօր ներխուժել են Թբիլիսիի քաղաքապետարանի շենք և տեղավորվել երկրորդ հարկում: Դա անելու համար նրանք ստիպված են եղել հաղթահարել անվտանգության աշխատակիցների դիմադրությունը, որոնց նրանք պարզապես «սրբել» են իրենց ճանապարհից:
Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց բնակարաններ հատկացնել Շվեյցարիայի կողմից կառուցված նոր շենքերում, որոնք նախատեսված են սոցիալապես անապահովների համար: Երեկ այդ շենքերի բացումն իրականացրել են Թբիլիսիի քաղաքապետն ու Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Ցուցարարները Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ իրենց ակցիան սկսել են ժամը 12.00-ից: Նրանք պնդում են, որ չեն լքի քաղաքապետարանի շենքը, մինչև իրենց բնակատեղի չհատկացնեն, քանի որ իրենք քնելու տեղ չունեն: