Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները տոնել են Դասսերի տոնը, որը խորհրդանշում է չարի ու բարու պայքարը: Նյու Դելիի փողոցներում տեղի են ունենում ներկայացումներ ու երթեր, ինչից հետո հնդիկները այրում են չարը:
Մինչ տոնն սկսելը` Հնդկաստանի մայրաքաղաքի փողոցներում տեղակայվել են չար ուժերի արքա Ռավանայի ու նրա երկու եղբայրների խրտվիլակները, որոնք պետք է այրվեն մութն ընկնելուն պես:
Սակայն չար ոգուն հնարավոր է տեսնել նաև կենդանի. մայրամուտից հետո տեղացիները պատրաստվում են ներկայացման:
Հնուց ի վեր Դասսերի տոնին ընդունված է ցուցադրել փողոցային ներկայացումներ հնդկական էպոսի մոտիվներով: Յուրաքանչյուր թաղամաս ունի իր ներկայացումը: Հատուկ կոմիտեն նշանակում է գլխավոր դերակատարներին: Կոստյումներն ու գրիմը պատրաստվում են նախապես: Ներկայացումներում բարին միշտ հաղթում է չարին:
Տոնի գագաթնակետը հսկայական խրտվիլակների այրումն է: Դա իսկական ատրակցիոն է, քանի որ հսկան լի է պայթուցիկներով ու ճայթռուկներով:











































