Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։
Բանաձևն ընդունվել է միաձայն, որով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև` կոչ արել Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ։
«Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը։
«Նահանգի խորհրդարանը եղել և շարունակում է լինել հույսի փարոս՝ մարդու իրավունքների պահպանման հարցում։ Մենք շնորհակալ ենք Օրենսդիր խորհրդի բոլոր անդամներին՝ մարդու հիմնարար իրավունքներից ինքնորոշման իրավունքին սատարելու համար»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը։








































