Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով հաջորդ` հոկտեմբերի 31-ի նիստում սկսվելու է տուժողների հարցաքննությունը: Տուժողներից ռազմաբժիշկ, բուժծառայության ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը, որը դեպքից հետո հիվանդանոց էր տեղափոխվել «փակ գանգուղեղի տրավմա, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ» ախտորոշմամբ, երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ հիշում է, թե հունիսի 17-ին ռեստորանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ամբաստանյալներից ամեն մեկն ինչ գործողություն է կատարել և պատրաստվում է այդ ամենը շարադրել իր դատաքննական ցուցմունքի մեջ: Սողոմոնյանը պնդել է նաև, որ իրեն և իր գործընկերներին ծեծի ենթարկողները ոչ թե 6, այլ 15 հոգի են եղել: Ավելին, նույնն ասել է նաև տուժող Արտակ Բայադյանը:







































