Մոլդովայի համար հայտնվել է ԵՄ-ին ինտեգրվելն արագացնելու շանս: Նման հնարավորության մասին Բեռլինում անցկացված ԵՄ-Մոլդովայի հանրապետություն ֆորումի ժամանակ հայտարարել է կառույցի ընդլայնման և բարիդրացիական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նրա կարծիքով՝ հանրապետության համար պետք է բացվի ԵՄ անդամակցության ստացման հնարավորություն՝ հաշվի առնելով «նրա կողմից ժողովրդավարական բարեփոխումների անցկացման աննախադեպ արագությունը»: Քիշնևում կարծում են, որ նման հեռանկարը Մոլդովան ավելի գրավիչ կդարձնի Մերձդնեստրի բնակիչների համար:
Ֆյուլեն նշել է, որ Մոլդովան վերջին տարիներին խիստ փոխվել է և շարունակում է արագ փոխվել՝ դառնալով ԵՄ կայուն և հուսալի գործընկեր, Արևելյան գործընկերության մասնակից երկրների շարքում առաջատար:
Ֆյուլեն հիշեցրել է, որ Մոլդովան ԵՄ-ի հետ բանակցություններ է անցկացնում ընկերակցության մասին համաձայնագրի ստորագրման, ազատ առևտրի գոտու, այցագրային (վիզային) ռեժիմի լիբերալիզացման գործողությունների պլանի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ԵՄ-ի պատասխանը երկրի կողմից անցկացվող բարեփոխումներին, կլինի համարժեք:
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է օգնել Մոլդովային: Նրա խոսքով՝ արդեն այսօր հանրապետությանը ցուցաբերվում է ամենամեծ օգնությունը եվրոպական գործընկերության շրջանակում՝ տարեկան 100 մլն եվրո: Եվրոպական գլխավոր հովանավորներից մեկը Շվեդիան է, որը Քիշնևին տարեկան հատկացնում է 13 մլն եվրո:









































