Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում տղամարդը բանկ է թալանել, սակայն գանձապահի տված գումարն իրեն չի գոհացրել, և նա գանգատով վերադարձել է ֆինանսական հաստատություն: 28-ամյա Արթուր Բրանդեյջը ձերբակալվել և կալանավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ըստ տեղեկությունների՝ Բրանդեյջը բանկ է մտել հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ին: Նա մոտեցել է գանձապահին և պահանջել իրեն 20 հազար դոլար տրամադրել: Ընդ որում՝ նա չի սպառնացել բանկի աշխատակցին:
Գանձապահը հրաժարվել է կատարել պահանջը, սակայն ի վերջո տվել է պահանջվող գումարը: Հանցագործը ստացել է կանխիկ գումարն ու դուրս եկել բանկից: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է բանկ և դժգոհել, որ իրեն տրված գումարը քիչ է պահանջվածից: Հանցագործն իր բողոքն ուղղել է գանձապահին, որն արագ կողմնորոշվել է, փակել դուռն ու ոստիկանություն կանչել:
Տղամարդուն ձերբակալել են: Նրա դեմ կառաջադրվի առանձնապես խոշոր չափի գողության մեղադրանք: Թե ինչ չափի գումարի մասին է խոսքը` չի հստակեցվում:










































