Լոնդոնում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել բրիտանացի հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող հերթական ֆիլմի շնորհանդեսը: Royal Albert Hall-ում ներկա են եղել արքայազն Չարլզն ու նրա կինը` Կամիլան:
Կարմիր գորգով առաջինն անցել է 007 գործակալին մարմնավորող Դենիել Քրեյգը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Սա պարզապես անհավանական է: Սա իմ երրորդ պրեմիերան է ու ամենալավը»,- ասել է նա:
Քրեյգի խոսքով՝ ինքը «շատ հպարտ է», որ իրեն է բաժին հասել Իեն Ֆլեմինգի վեպի հերոսին մարմնավորելու պատիվը:
Բոնդի մասին առաջին ֆիլմը կոչվում էր «Դոկտոր Նոու»:
Քննադատներն արդեն իրենց հիացմունքն են հայտնել ժապավենի առնչությամբ: Շատ տեսաբաններ այն անվանել են լավագույնը ամբողջ շարքում:
Իսկ բրիտանական The Independent-ը անգամ հայտարարել է, որ «007-Սքայֆոլ կոորդինատները» արժանի է «Օսկար»-ի:
«007-Սքայֆոլ կոորդինատները» Բոնդի մասին 23-րդ ֆիլմն է:









































