Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքականությունից հեռանալ 1.5 տարի անց.
«Այն բանից հետո, ինչ իմ գլխավորած դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ես կարող եմ հստակ ասել, որ 1.5 տարի անց ես կլքեմ քաղաքականությունը, սակայն ես չեմ լքի Վրաստանը: Ես ցանկանում եմ իմ հեռանալուց հետո թողնել այնպիսի թիմ, որը կիրագործի «Վրացական երազանքի» նախընտրական բոլոր խոստումները:
Դրանով ես իմ խոստումների պատասխանատվությունը չեմ հանում իմ վրայից: Ես մտադիր եմ դառնալ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ: Հենց քաղաքացիական հասարակության շարքերից էլ ես կվերահսկեմ իշխանությունների գործողությունները:
Ես կարծում եմ, որ մեր հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մենք փորձ չունենք, թե ինչպես ընտրել և ինչպես վերահսկել մեր ընտրած իշխանություններին: Մեր հասարակությունը պետք է սովորի վերահսկել իր ընտրած իշխանություններին»:









































