Չինաստանի և Ճապոնիայի դիվանագետներն անցյալ շաբաթ գաղտնի հանդիպում են ունեցել Շանհայում՝ փորձելով հակամարտության կարգավորման ուղիներ գտնել՝ կապված վիճելի Սենկակու (չինարեն անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների պատկանելության հետ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոստովանել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան: «Դա այն կապերի մի մասն է, որ մենք պահպանում ենք տարբեր մակարդակների վրա»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզիների շուրջ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը 5 կղզիներից 3-ը գնեց դրանց մասնավոր սեփականատերերից: Չինաստանը հայտարարում է, որ պատմական իրավունքներ ունի այդ տարածքի վրա, մինչդեռ Տոկիոն դե ֆակտո վերահսկում է կղզիները: Կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն նաև Թայվանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը:









































