Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է այս տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, համաձայն որոնց՝ եկամուտներն ավելացրել է շնորհիվ բջջային գովազդի վաճառքի աճի: Ընկերության եկամուտը երրորդ եռամսյակում աճել է 32 տոկոսով՝ հասնելով 1,26 միլիարդ դոլարի՝1,22 մլրդի կանխատեսման դեպքում: Financial Times-ի փոխանցմամբ՝ մեկ բաժնետոմսից ստացված եկամուտը կազմել է 0,12 դոլար՝ վերլուծաբանների կանխատեսումների շրջանակում:
Եկամտի 86 տոկոսը ստացվել է գովազդից, մնացածը՝ հավելվածներում ապրանքների վաճառքից: Եկամտի գովազդային մասնաբաժնի 14 տոկոսը՝ 152 միլիոնը (օրական 3 մլն դոլար) ընկերությունն աշխատել է բջջային գովազդի շնորհիվ:
Մաքուր կորուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 59 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 227 մլն դոլար շահույթի դեպքում:
Ֆինասնական հաշվետվության հրապարակումից հետո Facebook-ի բաժնետոմսերը բարձրացել են 14 տոկոսով՝ հասնելով 22,19 դոլարի:
Երրորդ եռամսյակում սոցցանցը սկսել է փորձարկել նոր ծառայություններ, որոնք կնպաստեն ֆինանսական ցուցանիշների աճին և եկամտի աղբյուրների բազմազանությանը:







































