Կառավարությունը խոստացել է առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովել մինչև 2017թ.-ը և ոչ թե անմիջապես: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության ծրագիրը, որում խոսվել է այդ ծրագրի մասին, 5-ամյա է և ընդգրկում է 2012-2017թթ.:
«Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում մեր խոստումները կրթության ոլորտում կյանքի կկոչվեն»,- նշեց Ա. Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայում որոնում են միջազգային կազմակերպություն, որը ՀՀ-ում կհիմնի համակարգիչներ արտադրող գործարան: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ համակարգիչներն այստեղ արտադրվեն, ապահովվի տարեկան 40-50 հազար համակարգիչների սպառում:
««Ինտել» կորպորացիայի հետ բանակցություններ են ընթանում, թե ինչպես անել, որովհետև «Ինտելն» աշխարհում լավագույն փորձն ունի: Գաղափարի ծնվելուց մինչև դրա իրականացումը ժամանակ է պահանջվում»,- նշեց Ա. Աշոտյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































