Հանրապետական Միթ Ռոմնիի հետ բանավեճի ժամանակ ԱՄՆ նախագահ Բրաք Օբամայի արտահայտություններից մեկը դրա ավարտից շատ ցանցած դարձել է ինտերնետ-մեմ: Ինչպես հաղորդում է The Huffington Post առցանց պարբերականը, խոսքը վերաբերում է երկրի զինված ուժերի սպառազինության որակի վերաբերյալ նրա ընդդիմախոսի մեկնաբանությանը տրված պատասխանին:
Քննադատելով գործող նախագահին՝ Միթ Ռոմնին մասնավորապես դժգոհություն էր հայտնել ռազմածովային ուժերում տիրող իրավիճակից: «Այժմ մեր ռազմածովային ուժերի թիվը 1917 թվից հետո նվազագույն մակարդակի վրա է: Առաքելություն իրականացնելու համար նավատորմից կպահանջվի 313 նավ, մինչդեռ մենք ունենք 285-ը: Եվ եթե մենք սեկվեստր անցկացնենք, ապա դրանց թիվը կլինի 200-ից մի փոքր ավելի: Ինձ համար դա անընդունելի է»,- հայտարարել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետը:
Պատասխանելով Ռոմնիի հարցին՝ Օբաման ասել է. «Ընդհանրապես, նահանգապետ, մեզ մոտ նվազել է նաև սվիններով ձիերի թիվը, քանի որ զորքերն այլ են դարձել: Մենք այնպիսի բաներ ունենք՝ կոչվում են ավիակիրներ, դրանց վրա ինքնաթիռներ են իջեցվում: Բացի այդ, մենք ունենք այնպիսի նավեր, որոնք լողում են ջրի տակ՝ ատոմային սուզանավեր»:
Դրանից շատ չանցած Twitter միկրոբլոգում հայտնվել է #horsesandbayonets (ձիեր և սվիններ) հեշթեգը, որը նյութը գրելու պահին հիշատակվել էր 15 հազար հաղորդագրություններում: Ընդ որում, հաճախ այդ հաղորդագրությունների հեղինակները չեն թաքցնում, որ իրենց դուր է եկել Օբամայի այդ հայտարարությունը:
Ավելի ուշ Օբամայի այդ արտահայտությանը նվիրված բլոգ է հայտնվել նաև Tumblr-ում: Դրանում օգտատերերը տեղադրել են նկարներ, որոնցում այս կամ այն կերպ պատկերված են ձիեր և սվիններ:
Բացի այդ, Facebook-ում բացվել է Horses and Bayonets անունով էջ: Դրա նկարագրության մեջ ասվում է. «Ես աջակցում եմ Միթ Ռոմնիին. մեր բանակի ուժեղացման համար մեզ անհրաժեշտ է գնել ավելի շատ ձիեր և սվիններ»: Նյութը գրելու պահին էջն ուներ ավելի քան 4300 «լայք»:
Հիշեցնենք, Օբամայի և Ռոմնիի միջև բանավեճը տեղի է ունեցել երեկ Ֆլորիդայում: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթանակ է տարել գործող նախագահը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:









































