Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ սկսել է նախապատրաստվել Սիրիա իր խաղաղապահ զորակազմի հնարավոր առաքմանն այն դեպքում, եթե այդ քայլն արտոնի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալ Էրվե Լադսուն:
Նրա հայտարարությունն արվել է Սիրիայում հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի վերջին հանդիպումների համատեքստում: Բրահիմին փորձում է համոզել Ասադին և զինված ընդդիմությանը՝ դադարեցնել կրակը ուրբաթ մեկնարկելիք իսլամական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ:
Էրվե Լադսուն հավելել է, թե իր տվյալներով՝ ամեն օր Սիրիայում մարտերի հետևանքով զոհվում է 150-200 մարդ: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Լադսուն նշել է, որ ներկայումս ՄԱԿ-ն արդեն մշակում է խաղաղապահ գործողությունների պլաններ՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը: Նրա կարծիքով՝ դեռ վաղ է խոսել խաղաղապահների հնարավոր թվի մասին, քանի որ դա կախված կլինի նրանց տրվելիք հանձնարարությունից:







































