«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի մեր սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին: Նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը:
Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով:
Նշենք, որ բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերաների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ս.թ. օգոստոսի կեսերին որոշում էր կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով:








































