Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Վրաստանի և Ադրբեջանի գլխավոր ցանկությունը օկուպացիայից սեփական տարածքի ազատումն է և Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելը: Դա բխում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության շահերից: Այդպիսին է մեր դիրքորոշումը»:
Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի սկսման դեպքում ինչպիսի՞ դիրքորոշում կզբաղեցնի Վրաստանը՝ Ալասանիան ընդգծել է. «Հուսով եմ, որ Կովկասում այդպիսի աղետ տեղի չի ունենա: Երկու երկրների քաղաքական առաջանորդները թույլ չեն տա դա: Դա լավ են հասկանում թե՛ Երևանում, թե՛ Բաքվում:
Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ երկու երկրներն էլ կիրականացնեն նպատակամղված միջոցներ պատերազմից խուսափելու համար: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացը պետք է զարգանա ավելի դրականորեն, և պատերազմ չի լինի: Ես դրա հույսն ունեմ»:








































