Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի 1862 թ. վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է երկթեք կտուրով միանավ եկեղեցի, ժամանակի և բնական ազդեցությունների հետևանքով ֆիզիկապես մաշվել և քայքայվել էր: Կղմինդրով և ազբոշիֆերներով կառուցված տանիքի որոշ հատվածներում առաջացել էին բացվածքներ և անցքեր, որոնցից անձրևաջրերը ներս են թափանցում, քայքայում պատերը, ողողում եկեղեցու սրահը:
Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցու փլուզումը կանխելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ` ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը անձամբ նախաձեռնել է եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարել է աշխատանքները` հիմնովին փոխվել է ծածկը, ամրակայվել են հիմնապատերը, կառուցվել է խորանն ու Սուրբ Սեղանը, կատարվել են տարածքի հսկայածավալ մաքրման աշխատանքներ, սալապատվել է, պարսպապատվել է եկեղեցու և դպրոցի շրջապատը, եկեղեցուն կից վերակառուցվել է հովվատունը, քանդակազարդ շքեղ դուռը առանձնահատուկ տեսք է հաղորդել եկեղեցուն: Իրականացվել են ներքին հարդարման, կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Սույն թվականի հուլիսի 4-ին, ձեռամբ թեմակալ առաջնորդի, օծվել է և տանիքին տեղադրվել եկեղեցու բարձրադիր խաչը:
Հոկտեմբերի 20-ին ձեռամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կատարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Վերաօծման արարողությանը մասնակցեցին Վանաձորի հոգևոր հովիվներ Տ. Վահան և Տ. Օհան քահանա հայրերը: Պատարագիչն էր Տ. Օհան ավագ քահանա Լուսարարյանը: Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետը,պատգամավորներ, Կարեն Սարիբեկյանի զինակից ընկերները, հյուրեր Երևանից, բազմաթիվ ուխտավորներ, Չկալովի գյուղապետը, համայնաքապետերը, գյուղի դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ: Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց բարերար Կարեն Սարիբեկյանին, գյուղի բնակիչներին և բոլոր ներկաներին` շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առիթով, և առ ի երախտագիտություն Օրհնության գիր հանձնեց բարերարին` նվիրել է մեր Տիրոջ Պայծառակերպության խորհուրդը պատկերող մանրանկար:
Սրբազան Հայրը շնորհակալական խոսք է ասել նաև եկեղեցուն սրբապատկերներ և գորգեր նվիրաբերած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանին, Լոռու մարզի փոխմարզպետ Արսեն Դարբինյանին, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին ու կրթության վարչության պետ Մինաս Սայադյանին:
Հավարտ սրբազան արարողության` ներկաներին մատուցվել է երախտիքի ու գոհության մատաղ:










































