Այսօր «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Սարգիս Գրիգորյանը հայտնեց. «Բաշար Ալ-Ասադը վերահսկում է իրավիճակը, սակայն իր դեմ ուղղված ճնշումները մատնանշում են, որ նա չի կարողանա պահպանել իր իշխանությունը: Եթե մի քանի օր առաջ ռազմական գործողությունների կենտրոնը խոշոր քաղաքներն էին՝ Հալեպը, Դամասկոսը, ապա այժմ գործողությունները կենտրոնացել են ռազմավարական ճանապարհների վրա: Ընդդիմադիրները որդեգրել են պետական մարմիններին ռմբակոծելու քաղաքականությունը: Բաշար Ալ-Ասադը չի կարողանում զսպել ընդդիմադիր գանգվածին, բայց նրանք էլ ռազմական և ֆինանսական առումով ռեսուրս չունեն, դրա համար չեն կարողանում լիարժեք պայքարել Ասադի դեմ»:
Թուրքիայում գործողությունները կանխատեսելը դեռ վաղ է: Թուրքիան պատրաստ չէ ռազմական գործողությունների` առանց ՆԱՏՕ-ի և արևմտյան ուժերի աջակցության: Կարծում եմ` այդ երկիրը դեռևս ձեռնպահ կմնա ռազմական գործողություններ իրականացնելուց»:
Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանը և մնացած բոլոր շահագրգիռ երկրները վաղուց պետք է այս հարցը լուծեին:
«Ռուսաստանը պետք է այս երկիրը այնպես պատրաստեր, որ հիմա այս խնդիրները չլինեին, այս առումով Ռուսաստանը թերացել է: Բաշար Ալ-Ասադը գնաց որոշակի մեղմացուցիչ քայլերի, սակայն այս իրավիճակի մեղավորը շահագրգիռ տերություններն են: Շատերը կարծում են, որ Բաշարը մեղմ վարվեց: Նա, իհարկե, անկարգությունների հեղինակներին ձերբակալեց, աշխատանքից ազատեց քաղաքապետին, բայց նրա գործողությունները ադեկվատ չէին: Այս առումով նա իր թշնամիներին հավաքեց ներսում»,- այսպիսի տեսակետ հայտնեց արաբագետը:
Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին և այս իրավիճակի հնարավոր անդրադարձին հայերի վրա` Սարգիս Գրիգորյանը հայտնեց հետևյալ կարծիքը. «Հալեպում ունենք հայկական համայնք, և շատ ցավալի է, որ զոհեր են լինում: Հայաստանին մնում է միայն իր աջակցությունը ցուցաբերել` այստեղ նրանց քաղաքացիություն շնորհելով: Սակայն, ինչպես գիտենք, իրենք են որոշել մնալ այնտեղ, իրենք են ընտրել այդ ճակատագիրը: Համենայնդեպս, առայժմ այնպիսի իրավիճակ չէ, որ հայ կամ քրիստոնյա լինելու համար նրանց սպանեն: Հայերն այնտեղ սպանվում են ռազմական գործողությունների հետևանքով»:
Եզրափակելով ասուլիսը` արաբագետ Ս. Գրիգորյանը նշեց, որ Սիրիայում այս գործողությունները կշարունակվեն մոտ վեց ամիս. «Չեմ կարծում` վեց ամսից շուտ ավարտվեն: Դա կախված է նրանից, թե Ռուսաստանն ու Չինաստանը ինչ դիրքորոշում կցուցաբերեն»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































