ԶԼՄ-ների վրա ճնշումներն այսօր այնքան սուր չեն, որքան 2008-ին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի երրորդ եռամսյակային հետազոտությունների արդյունքները: Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակաշրջանում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները սաստկանում են: Նա ցավով փաստեց, որ ՏԻՄ ընտրությունները ևս բացառություն չդարձան:
«Սեպտեմբերի 9-ին, 23-ին արձանագրվեց հինգ դեպք, որոնցից մեկը ֆիզիակական բռնություն էր լրագրողի նկատմամբ և տեղեկություններ ստանալու, տարածելու իրավունքի խախտում: Նկատելի է, որ A1+-ը ստացավ հնարավորություն ներկայացնելու իր լրատվական ծրագիրը հեռուստաեթերով»,- մեկնաբանեց բանախոսը:
Խոսելով ԶԼՄ-ների դեմ հայցերից՝ նա ասաց, որ այս տարվա 9-ը ամիսների ընթացքում տասը հայց կար լրատվամիջոցների դեմ, որոնցից չորսն արձանագրված են երրորդ եռամսյակում:
«Եթե ավելի մանրամասն ասենք, ապա չորս գործերից մեկում 9-ը լրատվամիջոցներ ներգրավված են՝ որպես երրորդ անձ, երկու վիճողների հարցը լուծելիս պետք է նաև լրատվամիջոցները ներգրավված լինեն։ Խոսքս քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի ներկայացրած հայցի մասին է. այստեղ ինը լրատվամիջոցներ ներգրավված են՝ որպես երրորդ անձ, եթե հերքման պահանջ լինի, պետք է նաև նրանք հրապարակեն այդ հերքումը:
Լրատվամիջոցների դեմ հայցեր են ներկայացրել նաև Արմեն Դարբինյանը, Տիգրան Քոչարյանը և մի ռազմական օդաչու՝ «Նովայա Վրեմյա» թերթի դեմ: Վերջինիս դեպքում նյութական պահանջ չկա, մինչդեռ մյուս երկու հայցերով պահանջում են նաև նյութական փոխհատուցում»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այս ժամանակաշրջանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպք է եղել ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Գյումրիում «Ցայգ» հեռուստաընկերության նկարահանող խմբի օպերատորի նկատմամբ էր բռնություն գործադրվել:
Այս շրջանում կարճվեց գործը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ տեղի ունեցած բռնության վերաբերյալ։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում՝ այդ անձը մնաց անպատիժ:
Երրորդ եռամսյակում տասնվեց խախտում ենք արձանագրել, որոնցից մեկը ֆիզիկական բռնություն, ինը՝ ճնշումներ, վեցը՝ միջադեպ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման վերաբերյալ»,- նշեց Աշոտ Մելիքյանը՝ ընդգծելով, որ չնայած մեղմացել են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ, այնպես չի լինում, որ ընտրությունների ժամանակ լարումներ չլինեն:











































