ԱՄՆ նախագահի թեկնածուներ գործող նախագահ Բարաք Օբաման և հանրապետական Միթ Ռոմնին երկուշաբթի օրը կմասնակցեն բանավեճերի երրորդ` վերջնական փուլին:
Արտաքին քաղաքականության հարցերին նվիրված բանավեճը տեղի կունենա Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում: Այն կվարի CBS հեռուստաալիքի աշխատակից Բոբ Շիֆերը: Բանավեճը կտևի կես ժամ:
Տեղի ունենալիք բանավեճը կորոշի երեք բանավեճերի հաղթողին. նախորդ երկուսի արդյունքներով` «ոչ-ոքի» է:
Ռոմնին այս բանավեճի ընթացքում պետք է ապացուցի, որ տեղյակ է երկրի արտաքին քաղաքականության «ստորջրյա ընթացքին», նաև որ կարող է լուծել փակուղում հայտնված շատ հարցեր` «կառավարել» Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, ճիշտ որոշումներ ընդունել սիրիական շգնաժամի հարցում, առաջ գնալ մերձավորարևելյան և Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցերում:
Սպասվում է, որ վերջերս Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչությունը կլինի քննարկման հիմնական թեմաներից մեկը:
Wall Street Journal-ի հարցման արդյունքներով` ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիների շրջանում երկու թեկնածուների ժողովրդականությունը 47% է: Ներկայումս Օբամայի շտաբն ունի 969 մլն դոլար, Ռոմնիինը` 919:
Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:








































