Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի 31 ԼՕ 126 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղում բախվել է տներից մեկի դարպասին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Կարմիր գյուղի բնակիչ, 20-ամյա Չաուշ Վնյանը և Տավուշի մարզի Առճիս գյուղի բնակիչ Արեն Եսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Նույն վաշտի տեսուչ Արմեն Ազիզյանի կողմից ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանությունը փորձում է պարզել, թե երիտասարդներից ով է վարել ավտոմեքենան, իսկ վիրավոր երիտասարդներն էլ սովորում են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայում:







































