«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
– Սրբազան, հոկտեմբերի 19-ին Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության գումարած միաբանական ընդհանուր ժողովի 29 միաբան հայրերը Ձեզ ընտրեցին պատրիարքական տեղապահ: Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա անելիքները:
– Հայտնեմ, որ երեկ երեկոյան միաբանական ժողովը ճնշող մեծամասնությամբ ինձ ընտրեց պատրիարքական տեղապահ: Հետևաբար` այդ հանգամանքով պայմանավորված՝ վաղը և մյուս օրը ես պետք է նախագահեմ հանգուցյալ պատրիարքի արարողությունը, բացի այդ, կաթողիկոսի ներկայացուցիչ Նավասարդ սրբազանը կմատուցի պատարագ երկուշաբթի առավոտյան վերջին օծման արարողության ընթացքում: Հուղարկավորության արարողությունը երկու մասից է բաղկացած. վաղը կեսօրից հետո՝ մեր տեղական ժամանակով ժամը 14:00-ին, հին քաղաքի մուտքից պատրիարքի մարմինը պետք է ընդունենք և իր հանդիսավոր թափորով պետք է բերենք Սրբոց Հակոբյանց մայր տաճար: Այս թափորի կողքին հավանաբար հույն եկեղեցին հոգեհանգստի արարողություն կկատարի և, անշուշտ, մյուս քույր եկեղեցիները կմասնակցեն թափորին: Սրբոց Հակոբյանց տաճար բերելուց հետո մենք հոգեհանգստյան կարգը կկատարենք: Իսկ երկուշաբթի առավոտյան` ժամը 9:00-ից սկսված սուրբ պատարագ կմատուցվի Նավասարդ սրբազանի կողմից, ողջույնի պահին պատրիարք հոր վերջին օծումը կկատարենք և ողջույն կառնենք: Պատարագի ավարտից հետո հուղարկավորության արարողությունը կկատարենք և դագաղը թափորով կառաջնորդենք դեպի սուրբ Փրկիչ գերեզմանատուն:
– 40 օր հետո էլ տեղի կունենան պատրիարքի՞ ընտրությունները:
– 40 օր սգի շրջանն անցնելուց հետո իմ պարտականությունն է պատրիարքական ընտրությունը կազմակերպել:
– Այն խնդիրները, որ վերջին տարիներին կային՝ հողային, ինչպես նաև հույների հետ կապված, իսկապես նո՞ր փուլ կմտնեն:
– Կալվածական հարցերը մշտական հարցեր են: Հանգուցյալ պատրիարքի օրոք առկա հարցերը կարող են շարունակվել, բայց նորընտիր պատրիարքը կարող է նոր ուղղություն տալ այդ հարցերի լուծման համար: Կալվածական հարցեր միշտ կան:
– Այս պահին հույների հետ հարաբերություններն ինչպե՞ս են: Անցյալ տարի ասում էիք ՝ վաղեմի սովորություն է, օրթոդոքսը պետք է թքի:
– Առայժմ հարաբերությունները բարվոք են ընթանում: Օրինակ՝ երկու ժամ հետո նրանք պաշտոնապես պետք է ցավակցություն հայտնելու գան մեր պատրիարքարան: Առհասարակ հիմա բարվոք են հարաբերությունները, բայց կան հարցեր, որ լուծման անհրաժեշտություն ունեն, և պետք է փորձենք դրանց լուծում գտնել:
– Դուք տեղապահ ընտրվեցիք, դեռ վա՞ղ է ասել, որ հենց Դուք էլ կընտրվեք պատրիարք, մանավանդ որ` տրամադրությունները Ձեր կողմն են:
– Ժամանակը գա, երևի կիմանանք, հիմա կանուխ է:
– Մի քանի տարի առաջ գրքերի, ինչպես նաև գումարային կորուստներ ունեցավ պատրիարքարանը:
– Գումարային և գրքային հարցեր ներկայումս չունենք, եթե անցյալում պատահել են դրանք, անցյալում էլ մնացել են: Հիմա մենք մեր անմիջական մտահոգության հարցերով պետք է զբաղվենք: Նախ` կանոնագրային բարեփոխություն տեղի կունենա նախքան պատրիարքի ընտրությունը, քանի որ կանոնագիրը շատ հին է, 19-րդ դարից, և որոշ առումներով բարեփոխությունների կարիք ունի: Անմիջականորեն պատրիարքի ընտրության հետ կապված հոդվածների բարեփոխություններ պետք է որդեգրվեն և հետագայում ներկա կանոնագրի ավելի ամբողջական վերատպությունը պետք է լինի, իսկ ներկա կանոնագիրը ընդունվել է ազգային սահմանադրության օրերին՝ 1863-ին, և ավելի ուշ՝ 1888-ին՝ վանական կանոնագիրը:












































