Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին օրինագիծ ընդունել, որը վարկերը ժամանակին վճարող բարեխիղճ սեփականատերերին թույլ կտար հիպոթեկային վարկ ձևակերպել ռեկորդային ցածր գներով: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը Կոնգրես է ուղարկել դեռ փետրվարին, սակայն, նրա խոսքով, հանրապետականները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի օրինագիծը չդրվի քվեարկության: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Օբաման խնդրել է ամերիկացիներին կապվել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների հետ ու հասնել օրենքի անցկացմանը: Հանրապետականները պատասխան ուղերձում, ի դեմս Արիզոնայի կոնգրեսական Ջեֆ Ֆլեյքի, ասել են, որ Օբաման «անկասկած ժառանգել է թույլ տնտեսություն, սակայն քիչ բան է արել դրությունը շտկելու համար»:
Ֆլեյքը հավելել է, որ նախագահության 4 տարիներին Բարաք Օբաման մշտապես «հեռացել է ֆինանսական ողջամտությունից»:









































