Բաքվում ոստիկանությունը ճնշել է բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են երկրի խորհրդարանի լուծարումը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ֆարիդ Արիֆօղլուն:
Ադրբեջանի մայրաքաղաքում ցույցը կազմակերպել են երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները: Ցույցը նշանակված էր Շատրվանների հրապարակում, սակայն ոստիկանությունը մեկ ժամ առաջ տարածքը հսկողության տակ է վերցրել:
Ոստիկանները հեռացրել են հրապարակ եկած մարդկանց, որոնք բղավել են «Հրաժարական» և «Լուծարել խորհրդարանը»: Ձերբակալվել է մոտ 30 մարդ:
Ակցիան կազմակերպվել էր Facebook սոցցանցի միջոցով` «Լուծարել խորհրդարանը» խմբի կողմից: Այսպիսի պահանջի պատճառը խորհրդարանի պատգամավոր Գուլյար Ահմեդովայի և բիզնեսմեն Էլշադ Աբդուլաևի` համացանցում հայտնված զրույցն է: Նրանք քննարկել են Աբդուլաևի պատգամավոր ընտրվելու կաշառքի չափը:
Բաքվի դատախազությունը հետաքննում է տեսագրությունը, իսկ Ահմեդովան հրաժարվել է պատգամավորական մանդատից` իր որոշումը բացատրելով հետաքննությանն օգնելու ցանկությամբ:










































