Հայկական ավիափոխադրումների խնդիրները սկսվել են դեռ տասնյակ տարիներ առաջ, երբ շուկան մոնոպոլիզացվեց և անվճար տրվեց մի մարդու, ով եկել, տիրացել է: Սխալ մենեջմենտի արդյունքում փակվեցին այնպիսի եկամտաբեր չվերթներ, ինչպիսիք էին Երևան-Ամստերդամն ու Երևան-Ֆրանկֆուրտը, որոնք այն տարիներին, երբ ուղևորահոսքը և բեռնափոխադրումները դեռ քիչ էին, ապահովում էին տարեկան 10 մլն դոլար շահույթ: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա չբացառեց, որ ներկայում «Արմավիա»-ի և «Զվարթնոց»-ի ֆինանսական խնդիրները գուցե արհեստականորեն են ստեղծված, և մտադրված են տանում սնանկացման. «Այն ժամանակ «Հայկական ավիաուղիներ»-ի հետ նույն կերպ վարվեցին, երբ սնանկացրեցին ու յուրացրեցին: Բայց եթե հիմա «Արմավիա»-ն սնանկանա, թանկ չեն կարող վաճառել: Հնարավոր է՝ գումարները ուղղակի գրպանվում են»:
Ըստ նրա՝ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի մարդն է, և կանխագուշակումներ չենք կարող անել, թե ով է ուզում նրա ձեռքից ուղղակի վերցնել ընկերությունը: «Հնարավոր է, որ Բաղդասարովը ձանձրացրել է իրենց, լավ չի ղեկավարում, ուզում են ձրիաբար ձեռքից վերցնել»,- ասաց Շ. Պետրոսյանը:
Ընդ որում, ըստ նրա, գոյություն չունի «ազգային փոխադրող» հասկացություն: «Ինչպե՞ս կարող է մասնավոր ընկերությունը լինել ազգային: Դա ազգային հավաքականը չի, որ կարող է ֆուտբոլի ազգային հավաքական լինել: Դա մի անկապ անձնավորություն է՝ Միկա Բաղդասարով անունով: Եթե նա Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի, ո՞նց կարող է նրա ընկերությունն ազգային փոխադրող լինել: Լրագրողներն էլ են սխալ գրում, ընկերությունը «ազգային» անունը հնչեցրել է ու տարածել: Ազգային ավիափոխադրող պետական «Հայկական ավիաուղիներն» էր: Ազգային ավիափոխադրողի լիցենզիա գոյություն չունի, նա միայն ավիափոխադրողի լիցենզիա ունի, ու ոչ մի ազգային: Սա ֆուտբոլ չի, հավաքական չի»,- նկատեց Շ. Պետրոսյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետն ավարտվում է: Այն 10 տարով է տրվում, թեև անկախության սկզբնական տարիներին լիցենզիայի ժամկետ ընդհանրապես չկար և, եթե լիցենզիայի պայմանները չի բավարարվում, լիցենզիան պետք է պարզապես հետ վերցնել:
Վարչության նախկին պետի կարծիքով՝ այս խնդրին պետք է այլ լուծում տալ. պետք է հանձնաժողով ստեղծել, ու «Արմավիա»-ի ամբողջ գործունեությունը՝ «Հայկական ավիաուղիներ»–ի սնանկացման պահից սկսած նայել: Ոչ թե ընկերությունը, այլ շուկան պետք է հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի մշտական կրկնվող, դեժավյու իրավիճակը վերանա, այնտեղ պետք է ճգնաժամային կառավարում լինի, հետագայում ըստ փայաբաժինների ամբողջ ժողովրդին արժեթղթերը վաճառվի և սահմանվի, որ 5 %-ից ավելի չի կարելի բաժնետոմս ունենալ՝ կրկին մենաշնորհներից խուսափելու համար: Պետք է նաև «Հայկական ավիաուղիներ»-ը վերականգնել, որը իրենից բրենդ էր ներկայացնում, իսկ «Արմավիա»-ի մեջ ոչ մի հայկական բան չկա:
Ներկայում «Արմավիա»-ն ՀՀ-ի միակ ավիաընկերությունն է: Մինչդեռ 90-ականներին 3-4 ավիաընկերություն կար, և բոլորն էլ եկամտաբեր էին, երբ դեռ վառելիքն օդանավով էր տեղափոխվում: «Շիրակ»-ն առանձին իր փոխադրողն ուներ, 2-ը Երևանում էին գործում, և մեկ բեռնափոխադրող կար: Բոլորի շուկան խլեցին, տվեցին «Արմավիա»-ին, որ, ըստ Շ. Պետրոսյանի, ոչնչացրեց այն:
Նա մատնանշեց նաև սոցիալական խնդիրը՝ «Հայկական ավիաուղիներ»-ում 600 օդաչու էր աշխատում, իսկ ընդհանուր՝ 2000: Հիմա 10-12 օդաչու է աշխատում «Արմավիա»-ում, ընդհանուր՝ մոտ 50-60, որոնց մեծ մասը վարչական աշխատողներ են, Բաղդասարովի ազգականները:
«Սխալ մենեջմենտ են իրականացնում: Մենք խայտառակ ենք եղել, աշխարհում ոչ մեկ չի ուզում նստի «Արմավիա»–ի օդանավեր, վախ կա մեջները: Չենք խոսում Սոչիի դեպքի մասին, «Սուպերջեթ»–ի մասին, որը ծայրից ծայր ավանտյուրա է: Ռուսները մեզ պարտադրում են փորձարկել իրենց ինքնաթիռը մեր ուղևորների կյանքի գնով: SSJ-ը միջազգային լիցենզիաներ դեռ չի ստացել: Ռուսները մեծ կաշառքներ են փորձում բաժանել, բայց Ինդոնեզիայի դեպքից հետո նրանց լիցենզիա չեն տա: Հիմա «Տրանսաէրո»–ն էլ է ուզում այստեղ թռչել, ինչը նշանակում է, որ «Տրանսաէրո»–ն և «Աէրոֆլոտ»–ը մեր հայկական փոխադրողներից շուկան կխլեն: Իսկ «Արմավիա»–ն հայկական ընկերութուն չի, ավելի շուտ Բաքվի ընկերություն է»,- նշեց Շ. ՊԵտրոսյանը:
Հավելենք, որ Հայաստանի քաղավիացիայի վարչությունից հաստատեցին, որ «Արմավիա»-ին տրված լիցենզիայում «ազգային» որակում չկա: Այսինքն՝ «Արմավիա»-ն «ազգային ավիափոխադրողի» կարգավիճակն ինքն է իրեն շնորհել ու դրանով նաև մոլորության մեջ գցել հանրությանը:








































